
Բոլորի հուշերում նա մնաց՝ որպես կենդանի լեգենդ
2020 թվականի 44-օրյա պատերազմում կյանքը հայրենիքին զոհաբերած հերոսներից է ԱՀ ՊԲ գնդապետ Գեղամ Գաբրիելյանը։ Նվիրյալ հայորդի, ով 17 տարեկան պատանի էր, երբ զինվորագրվեց ՊԲ շարքերը, իսկ ամիսներ անց՝ 1994 թվականի սեպտեմբերի 2-ին, նրան շնորհվեց լեյտենանտի կոչում։ Ծառայակից ընկերների խոսքով՝ նա ծնվել էր ծառայության համար։ Ասում են՝ Գեղամը հաճախ էր կատակում՝ իսկ մի՞թե ուրիշ մասնագիտություն էլ կա։
Միջնակարգ ուսում ստանալուց հետո Գեղամ Գաբրիելյանն ավարտել է Շուշիի ժողովրդական ինստիտուտի Իրավագիտություն ֆակուլտետը, ապա կարմիր դիպլոմով ավարտել ՌԴ ԶՈՒ համազորային ակադեմիան։
Երկար տարիներ տարբեր պաշտպանական շրջաններում, զորամիավորումներում զբաղեցրել է մի շարք պատասխանատու պաշտոններ։
Գեղամ Գաբրիելյանի հրամանատարությամբ Մարտունու 2-րդ պաշտպանական շրջանը տարիներ շարունակ ճանաչվել է լավագույն զորամաս։
Նա մասնակցել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա և 2020 թվականի 44-օրյա պատերազմներին։ Վերջին պատերազմի ժամանակ դիվիզիայի շտաբի պետ էր։ Կռվում էր մի քանի ուղղություններով, ղեկավարելով ամենաթեժ մարտերը։ Հրամանատարն անձամբ էր առաջնորդում իր զորքին։ Հարավում նա կարողանում էր իր հմուտ որոշումներով ու գործողություններով դիմադրել թշնամու անհավասար ուժերին։ Կորպուսի շտաբի պետը զինվորների հետ էր՝ խրամատում, դաշտում, անտառում։ Նրա զինվորներն անվերապահորեն վստահում էին հրամանատարին, ով նրանց համար ոչ միայն հրամանատար էր, այլ նաև ավագ ընկեր, ամուր թիկունք։
Կինը՝ Մարինեն, պատմում է
-Գեղամի համար կյանքում ամենակարևորը հայրենիքն էր։ Այդպես էր նա դաստիարակվել մանկուց։ Պատահական չէ, որ աշակերտական նստարանից նա մեկնեց ծառայության ու ամբողջ կյանքում հայրենիքի նվիրյալը մնաց։ Նրա պատանեկան տարիները համընկել էին Արցախյան շարժման հետ, և հայրենասիրական գաղափարները վճռորոշ դարձան Գեղամի հետագա քայլերի համար։ Նա հասկացավ, որ հայրենիքը վտանգի մեջ է և նետվեց նրա պաշտպանության գործին՝ 17 տարեկանում սկսելով մարտական ուղին։
Գեղամը հոգատար որդի, եղբայր, հայր ու ամուսին էր։ Մենք բոլորս հարմարվել էինք, որ նրա համար հայրենիքն առաջնահերթ է։ Հարազատների ընտանեկան միջոցառումներին հազվադեպ էր մասնակցում, և գիտեինք, որ հենց այդպես էլ պետք է լինի․ նա ծառայության մեջ է։ Բայց, երբ ազատ ժամանակ էր ունենում, իհարկե, երեխաների հետ էր անցկացնում, ու այդ պահերը մեր տանն իսկական տոնի էին վերածվում։ Երջանիկ էինք, լավատեսությամբ լցված։ Նրան ոգեշնչում էր և՛ իր աշխատանքը, և՛ ընտանեկան սերն ու ջերմությունը․․․ Գեղամի մեջ մեկտեղված էին հայրենիքը, ընտանիքն ու հավատն առ Աստված։
2020 թվականի սեպտեմբերը տակն ու վրա արեց ամեն ինչ։ Գեղամը պետք սեպտեմբերի 26-ին գար տուն, սակայն չեկավ։ Զանգեցի, ասաց՝ վաղն եմ գալու․ այսօր չստացվեց։ Իսկ հաջորդ օրն արդեն պատերազմ էր։ Մեզ համար արդեն պարզ էր՝ Գեղամն առաջնագծում է՝ իր զինվորի կողքին։
․․․Պատերազմը երկարում էր, Արցախը շարունակում վտանգված մնալ։ Հազվադեպ էր ստացվում կապվել ու խոսել ամուսնուս հետ։ Վերջին անգամ հոկտեմբերի 15-ին խոսեցի հետը։ Մեկ-մեկ հարցրեց երեխաների, մոր, քույրերի որպիսության մասին։ Մայրը սրբություն էր նրա համար, իսկ քույրերը միշտ ուշադրության կենտրոնում էին (4 քույրերի մինուճար եղբայր էր): Այդ օրը մի քիչ երկար խոսեցինք։ Ասաց՝ ես լավ եմ, ամեն ինչ լավ է լինելու։ Մեր խոսակցության ընթացքում, սակայն, կրակոցները չէին դադարում։ Սիրտս զգում էր, որ Գեղամը վտանգի մեջ է։ Հաջորդ օրը նա արդեն չկար։
Լեգենդար հրամանատարը մինչև վերջ կանգնած էր զինվորի կողքին։ Նա իրեն դրսևորեց որպես իսկական առաջնորդ ու քաջարի մարտիկ։ Կորպուսի շտաբի պետ, գնդապետ Գեղամ Գաբրիելյանն ընկավ 2020 թվականի հոկտեմբերի 16-ին, Ջրականի ծանր մարտերում։ Հերոսի մահով զոհվեց հմուտ զինվորականը, մեծատառով մարդը՝ թողնելով ազնիվ անուն, վառ հիշատակ։
Հայրենիքի անձնուրաց պաշտպանության համար գնդապետ Գեղամ Գաբրիելյանը հետմահու արժանացել է ՀՀ մարտական խաչ1- ին աստիճանի շքանշանի։ Հերոսի մարմինն ամփոփված է Եռաբլուրում։
Զոհված հրամանատարի այրին փորձում է հաղթահարել դժվարությունները
-2020-ի պատերազմից հետո մեր կյանքը լրիվությամբ փոխվեց։ Գեղամի կորուստը շատ ծանր էր ոչ միայն իմ ընտանիքի, այլ նաև մեր հայրենի գյուղի՝ Խանցքի համար։ Նա շատ էր սիրում իր գյուղը։ Թեև ապրում էինք Ստեփանակերտում, բայց հոգով ու սրտով միշտ հարազատ գյուղում էր, համագյուղացիների հետ։ Գյուղի հպարտությունն էր։
Փորձում եմ հանուն ամուսնուս հիշատակի հավաքել ուժերս, որ ոտքի կանգնեցնեմ մեր բալիկներին։ Արցախի կորստից հետո նորից թևաթափ եմ եղել։ Հոգուս խորքում ցավ եմ ապրում, որ Գեղամի ու նրա ընկերների արյամբ շաղախված հողը մնացել է թշնամուն։ Միաժամանակ գիտակցում եմ, որ հրամանատարի կինն իրավունք չունի զենքերը վայր դնելու։ Ես պարտավոր եմ երեխաներիս դաստիարակել Գեղամի ոգով, որպեսզի արժանի զավակներ դառնան ու բարձր պահեն հոր անունը։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ