Կարգալույծ է հռչակվել Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը

  • 08:45 28.01.2026

Սույն թվականի հունվարի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ընդառաջ Գերագույն Հոգևոր Խորհրդի 27․01․2026թ․ որոշման, հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակել Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին։

Կարգալուծության համար ի մասնավորի հիմք է ծառայել, որ նա վիճարկել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատվելու և Մայրավանք վերադառնալու վերաբերյալ Հայրապետական տնօրինությունը՝ խոչընդոտելով Մասյացոտնի թեմի բնականոն գործունեությունը և դատական իր հայցով առիթ ու պայման ստեղծել իշխանության պատկան կառույցների կողմից ներեկեղեցական կյանքին միջամտելու համար։

Գևորգ եպս․ Սարոյանը կանոնական շեղումներով և կարգազանց գործողություններով դրժել է հնազանդության ուխտը։

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Սարոյան ավազանի անունով։

Հիշեցնենք, որ Սարոյանը քաղաքացիական հայց էր ներկայացրել Հայ Առաքելական եկեղեցու դեմ՝ պահանջելով վերականգնել իրեն ՀԱԵ Մասիածոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։ Հունվարի 10-ին Գարեգին Բ-ի հրամանագրով նա ազատվեց թեմի առաջնորդ եպիսկոպոսի պաշտոնից։ Դատարանը վերականգնել էր նրան պաշտոնում՝ մինչև դատարանի վերջնական որոշումը։