
Երկրի անվտանգության ապահովման հարցում անհրաժեշտ է բանակի դիմաց ավելացնել նոր անվտանգային բուֆերներ։ Այս հայտարարությունն արել է Նիկոլ Փաշինյանը ՀՀ զինված ուժերի կազմավորման 34–րդ տարեդարձի առիթով պաշտպանության նախարարությունում անցկացված հանդիսավոր նիստի ժամանակ։
«Չի կարելի անվտանգության ամբողջ հոգսը դնել բանակի վրա: Անվտանգության երաշխիքը այն չէ, որ տանկ կամ զինվոր է կանգնած։ Դրանից մեր անվտանգության մակարդակը չի ավելանում, հակառակը․․․․ Պետք է լինել համաշխարհային առևտրային մատակարարման շղթաների մի մասը։ Երբ պետությունը և բանակն իր խնդրով հենված է միջազգային լեգիտիմության վրա՝ դա ուրիշ վիճակ է, երբ բանակը հիմնված չէ միջազգային լեգիտիմության վրա, դա բոլորովին այլ վիճակ է»,– շեշտեց նա։
Առաջին հայացքից աբսուրդ թվացող նման հայտարարությունները արդեն նորմա են դառնում Հայաստանում: Բանակի օրը, որի պատմությունը սկսվել է հաղթանակներով և ձերքբերումներով, ՀՀ վարչապետն ասում է, որ տանկերի և զինվորների առկայությունը չի բարձրացրել անվտանգությունը, այլ…
Փաշինյանի հայտարարությունները բանակի մասին ուղղված են իր հիմնական ընտրողներին, ինչպես ինքն է ասում՝ հայ մայրերին, ովքեր չեն ուզում պատերազմներ և զոհեր: Հայ մայրերին ուղղված ուղերձը՝ «Ձեր որդիները այլևս չեն զոհվի Ղարաբաղում», դարձավ Փաշինյանի հիմնական քարոզարշավային փաստարկը 2018 և 2021 թվականների ընտրություններին:
Այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ որդիներն այլևս զոհվում են Ջերմուկում, Սոթքում և այլ «ոչ ղարաբաղյան վայրերում», Փաշինյանը փոխեց իր քարոզարշավային հռետորաբանությունը: Նա սկսեց խոսել բանակի անօգուտության մասին՝ կրճատելով զինվորական ծառայության տևողությունը երկուսից մինչև մեկուկես տարի և խոստանալով ընդհանրապես վերացնել զորակոչը:
Մինչդեռ, նույնիսկ ԵՄ-ն, որը երկար տարիներ հույսը դրել էր ՆԱՏՕ-ի վրա և չէր ստեղծել իր սեփական բանակը, սկսել է կառուցել եվրոպական զինված ուժեր: Էլ չասած հարևան Ադրբեջանի մասին, որը երբեք բաց չի թողնում իր սուրը ճոճելու հնարավորությունը:
Այս ֆոնի վրա բանակը որպես անվտանգության գործոն հրապարակավ նսեմացնելը նման է դիմադրությունից հրաժարվելու հայտարարության՝ հօգուտ փոփոխական դիվանագիտական և տնտեսական կոնյունկտուրայի: