Ռուսաստանը խոստովանել է, որ Սիրիայում գործում է Թուրքիայի հետ, ինչպես Արցախում

  • 12:21 30.01.2026

«Ժամանակակից Սիրիայում սկսում են իրականանալ այն գործընթացները, որոնք մենք վաղուց պլանավորել ենք մեր թուրք գործընկերների հետ։ Ես նկատի ունեմ քրդերի ինտեգրացիան քաղաքական կյանքում, քաղաքական և անվտանգության կառույցներում, ինչպես նաև Սիրիայի Արաբական Հանրապետության բանակում», – թուրքական «Turkiye» թերթին և TGRT հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Ինչպես նշել է Լավրովը, Մոսկվան և Անկարան միշտ գտել են ընդհանուր լեզու Սիրիայի հարցում՝ չնայած իրենց մոտեցումների բոլոր նրբերանգներին և տարբերություններին։

«2019-2020 թվականներին տեղի են ունեցել մի քանի գագաթնաժողովներ։ Արդյունքում ձեռք են բերվել համաձայնություններ, այդ թվում՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունում քրդական ծրագրերի մասին  կասկածները չեզոքացնելու վերաբերյալ։ Այժմ այդ ծրագրերն արդեն իրականություն են դառնում», – ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։

Ռուսաստանն ու Թուրքիան 2020 թվականին փորձարկեցին իրենց համատեղ «ինտեգրման» ծրագրերը Արցախի բնիկ ժողովուրդների հանդեպ, երբ պատերազմի 44-րդ օրը հանկարծ պարզ դարձավ, որ Արցախում որպես խաղաղապահներ կտեղակայվեն միայն ռուսական, այլ ոչ թե միջազգային զորքեր։

Անմիջապես դրանից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին, հայտարարվեց Ակնայում ռուս-թուրքական «մոնիթորինգի կենտրոնի» ստեղծման մասին։ Այս կենտրոնը նախատեսված էր հայկական ուժերի տեղաշարժը հետևելու և օրորոցում ցանկացած դիմադրություն ճնշելու համար։

2023 թվականի սեպտեմբերի վերջին՝ 2024 թվականի գարնանը, երբ ռուսական զորքերը պատրաստվում էին լքել Արցախը, իսկ Ակնայի կենտրոնը փակվում էր, ռուս գեներալն իր թուրք գործընկերոջը զեկուցեց, որ Ռուսաստանն ու Թուրքիան վերջապես համատեղ հաջողության են հասել և «խաղաղություն հաստատել» Ղարաբաղում։ Խաղաղություն, որտեղ հայերի համար տեղ չկա։

Նմանատիպ գործընթաց այժմ ընթանում է Սիրիայում՝ քրդերի հարցում՝ չկան քրդեր, կա խաղաղություն։