Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի մի մասնաշենքը պատրաստ է

  • 20:18 30.01.2026

Օրերս տեղի ունեցավ Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի փոքր մասնաշենքի բացումը։

ՙՙԱյս փուլում արդեն պատրաստ է Կենտրոնի մի հատվածը՝ մասնագիտական սենյակներն ու աշխատանքային օֆիսը, որոնք հիմք են դառնում առաջիկա գործունեության համար։

Արցախից բռնի տեղահանությունից հետո Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի հիմնադիր տնօրեն Վարդան Թադևոսյանը, իր մասնագիտական թիմի հետ միասին, կարևոր և պատասխանատու որոշում կայացրեց՝ կենտրոնը վերաստեղծել արդեն Հայաստանում՝ նույն ոգով, առաքելությամբ և արժեքներով։

Արդեն երրորդ տարին է, ինչ այս ճանապարհը անցնում են համառությամբ ու նվիրվածությամբ՝ փորձելով տարիների փորձը, մարդկային ջերմությունն ու մասնագիտական ծառայությունը նորից վերածել իրականության։ Կենտրոնի բարեկամների, գործընկերների և բարին կամեցողների աջակցության շնորհիվ այսօր արդեն քիչ-քիչ տեսանելի են այդ աշխատանքի արդյունքները։

Յուրաքանչյուր պատրաստված սենյակ, յուրաքանչյուր քայլ խոսում է հավատքի, շարունակականության և ապագայի նկատմամբ վստահության մասին։

Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը վերադառնում է՝ ծառայելու, աջակցելու և նորից կանգնելու իր շահառուների կողքին։

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում՝ HART – Humanitarian Aid Relief Trust-ին, TX Հիմնադրամին, <<Ադվենտիստական զարգացման և օգնության>> Հայաստանյան գրասենյակին-ADRA-ին, <<Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու>> Հայաստանի կրոնական համայնքին մեզ աջակցելու և այս ծրագիրը կյանքի կոչելու համար”, ասված է Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի Հայտարության մեջ։

Հույսով ենք, որ մոտ ապագայում շինարարական աշխատանքների ավարտից հետո բոլորի կողմից սիրված Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը կվերաբացի դռները իր նոր հասցեյով, ք.Եղվարդ Նար Դոսի փողոց, 44: Կենտրոնի վերաբացմանը անհամբեր սպասում են հատկապես Արցախից տեղահանված առավել խոցելի խմբերի ներկայացուցիչները, այդ թվում Հայկազովի վառելիքի պահեստի պայթյունից տուժած անձինք: Step1.am-ի տվյալներով, նրանցից շատերն այժմ լիարժեք վերականգնողական բուժում չեն ստանում:

Արսեն Աղաջանյան