
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը փետրվարի 18-ին մեծ հանրահավաք է հրավիրում։
Այսօր կառավարության շենքի մոտ Հայրիկյանը հավաք էր կազմակերպել։ Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ գլխավոր հարցը հետեւյալն է՝ Հայաստանում կան բազմաթիվ խնդիրներ, որոնց հիմքում ընկած են իրավախախտումները։
«Օրինակ՝ մեր պաստառներից մեկի վրա գրված է՝ ռազմագերիներ, եւ խաղաղությունը ջնջված է։ Այսինքն՝ այնտեղ, որտեղ կան ռազմագերիներ, խոսել խաղաղության մասին, նշանակում է լավագույն դեպքում լինել անգրագետ։ Եթե մենք իսկապես ձգտում ենք խաղաղության, ապա պետք է լինի բարի կամքի դրսեւորում։ Երբ խոսում են Թրամփի ուղու մասին, ասում են՝ փոխադարձության սկզբունքով։ Եթե փոխադարձության մասին է խոսքը, ապա պետք է նաև ցույց տրվի, թե Ադրբեջանն ու Թուրքիան ինչ ճանապարհներ են բացում։
Այս պայմաններում, երբ դու չունես բաց ճանապարհներ, ավելին, ունես նոր փակված ճանապարհներ, օրինակ, Գորիս-Կապան ճանապարհը, նշանակում է դու զբաղվում ես ինքնախաբեությամբ կամ քեզ դնում ես հիմարի տեղ։ Երբ դու քեզ հիմարի տեղ ես դնում, թշնամու համար շատ հեշտանում է գործը»,-ասաց Հայրիկյանը։
Ակցիայի մասնակիցները նաեւ պաստառ էին բերել կառավարության շենքի մոտ՝ «Ձեռքներդ հեռու եկեղեցուց, Սահմանադրությունից եւ հայ ժողովրդից» գրությամբ։
Պարույր Հայրիկյանն ասաց, որ սա ուղղված էր Հայաստանի իշխանություններին։ Ըստ Հայրիկյանի՝ հանրահավաքով աշխարհին պետք է ցույց տալ, որ այս իշխանությունները հայ ժողովրդին չեն ներկայացնում։
«Ինչ փորձանք ու ձախողում որ կա, դրանք բխում են մի բանից՝ Հայաստանի քաղաքացին իր ճակատագրի տերը չէ։ Իսկ քաղաքացու՝ իր ճակատագրի տեր լինելը կյանքի էլ կոչվում ճիշտ Սահմանադրությամբ»,- նշեց նա։
Ըստ Հայրիկյանի՝ նման իրավիճակներում ազգը պետք է իր ուժերը միավորի։
«Ավելի սարսափելի բան, քան Արցախի ինքնորոշման իրավունքի մերժումն էր, դա միայն մեր թշնամիներն են արել։ Համաշխարհային հանրությունը ստեղծեց Մինսկի խումբը, որովհետեւ ինքնորոշման իրավունքն ուրանալ չէր կարելի։ Բայց այսօր Հայաստանի ճակատագրով զբաղվում է մի մարդ, որն ուրացել է ազգերի ինքնորոշման իրավունքը։ Եթե որեւէ իշխանավոր ուրանում է թեկուզ հեռավոր աֆրիկյան երկրի մարդկանց ինքնորոշման իրավունքը, դա ամենասարսափելի մարդն է»,-նշեց նա։