
Էրիկ և Մելինա Ղարիբյաններն Արցախի Գիշի համայնքից են տեղահանվել։ Մելինան համայնքի բուժկետում բուժքույր էր աշխատում, իսկ ամուսինը մասնավոր աշխատանքներ էր իրականացնում էլեկտրամոնտաժման բնագավառում։
Տեղահանությունից հետո նրանց ընտանիքը բնակություն է հաստատել Աբովյան քաղաքում։
Ղարիբյաններն Արցախից տեղահանվել են մեծ կորստով։ Նրանց անդրանիկ զավակը՝ 15-ամյա Հայկը, զոհ է դարձել 2023-ի սեպտմեբերի 25-ին Արցախում տեղի ունեցած վառելիքի պահեստի խոշոր պայթյունին։
-Մեր գյուղից դուրս ենք եկել սեպտեմբերի 25-ին, երբ արդեն Արցախում սկսվել էր զանգվածային գաղթը։ Մեքենայում ես էի, ամուսինս, մեր տան մեծ՝ 94-ամյա տատիկը և կրտսեր որդիս։ Քռասնի համայնքի մոտ էինք, երբ լսեցինք, որ պայթյուն է եղել ու շատ զոհեր կան։ Այդ ժամանակ չգիտեինք, որ Հայկը նույնպես այնտեղ էր։ Երբ հասանք Ստեփանակերտի Հեքիմյան փողոցը, ամուսնուս քույրը զանգեց ու ասաց, որ Հայկը դեպքի վայրում է։ Ամուսինս միանգամից մեքենան քշեց դեպի պայթյունի վայրը։ Ականատես եղանք միայն ամենասարսափելի ֆիլմերում հանդիպող իրավիճակի։ Հնարավոր չէր այդտեղ մարդ գտնել․ դժոխք էր՝ սարսափելի, անմոռանալի:
Ամուսինս մեզ տանում է տուն, իսկ ինքը սկսում շրջել հիվանդանոցներով, ապա նորից գնում պայթյունի վայրը։ Մեր երեխան չկար։ Նորից է գնում դեպի մանկական հիվանդանոց՝ հույս ունենալով, որ Հայկն այնտեղ կլինի։ Ճանապարհին նկատում է, որ շտապ օգնության մեքենան գնում է դեպի դիահերձարան։ Էրիկը հետևում է մեքենային։ Հասնում է հենց այն պահին, երբ մեքենայից հանում են զոհվածների մարմինները։ Տասնյակ աճյունների մեջ ամուսինս գտնում է մեր որդուն։ Պարզվում է՝ նա հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում էր։ Երեխայիս թոքերն ի զորու չեղան դիմանալու։
Հայկն ընկերների հետ էր գնացել։ Ասում են՝ այնտեղ նա տեսել է մեր համագյուղացի մի տղայի ու գնացել նրա մոտ․ երկուսն էլ զոհվել են։ Ստեփանակերտցի իր ընկերը նույնպես տուժել է, սակայն երկար բուժումից հետո ապաքինվել է։ Այնպես լիներ, որ բոլորն էլ ողջ մնային, թեկուզ կես մարդ դարձած:
Սեպտեմբերի 27-ին ճանապարհվել ենք Ստեփանակերտից։ Նույն օրը դիահերձարանից տեղափոխել են զոհվածների մարմինները։ Սակայն մեր որդուն մեզ են տվել հոկտեմբերի 4-ին։ Հողին ենք հանձնել Աբովյան քաղաքի մոտ գտնվող Մայակովսկի բնակավայրում։ Հայկի հուղարկավորման օրը մահացել է մայրս՝ չդիմանալով կորստի ցավին։ Փետրվարին մահացել է նաև մեր մեծ տատիկը։ Ահա այդպիսի ճակատագրի ենք արժանացել, որի հետ հաշտվել չենք կարողանում։ Ամուսինս Արցախյան առաջին պատերազմում զոհված զինծառայողի որդի է։
Մեզ հետ կատարված դժբախտությունից հետո ոչ մի կարգավիճակ չի տրվել մեր ընտանիքին։ Նմաստ, կամ որևէ աջակցություն չենք ստանում։
Որդեկորույս մայրն ասում է՝ Հայկն առանձնանում էր ամեն ինչով
-Այնպես էր ստացվել, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ամուսնուս մայրն ու մեր ավագ երեխաները՝ Հայկն ու Հռիփսիմեն, բնակություն էին հաստատել Ստեփանակերտում։ Պատճառն այն էր, որ պատերազմի ժամանակ Մարտունու հոսպիտալը տեղափոխվել էր Գիշու միջնակարգ դպրոցը և մի քանի ամիս մնացել այնտեղ։ Մենք ստիպված էինք երեխաներին ուղարկել Ստեփանակերտում սովորելու, իսկ երբ 2021 թվականի ձմեռային արձակուրդներից հետո մեր դպրոցում վերսկսվեց դասապրոցեսը, երեխաներին չբերեցինք գյուղ, որովհետև այնտեղ արդեն հարմարվել էին։ Մեր կրտսեր զավակը՝ Ղարիբը, հաճախում էր գյուղի դպրոցը։
Հայկն ամեն ինչով առանձնանում էր․ գեղեցիկ էր, համեստ, լավ էր սովորում։ Երազում էր ճարտարապետ դառնալ և միշտ ասում էր՝ ես անպայման կգնամ իմ նպատակի հետևից ու Գիշին կհպարտանա իր արժանավոր զավակով։ Շատ էր նպատակասլաց։ Ստեփանակերտում հիմնական դպրոցն ավարտելուց հետո, բարձր գնահատականներով ընդունվել էր ճարտարապետական ուսումնարան։ Սովորում էր անվճար։ Թեև ընդամենը 20 օր է հաճախել նոր կրթօջախ, սակայն այդ կարճ ժամանակահատվածում հասցրել էր լավ անուն ձեռք բերել դասախոսների ու ընկերների շրջապատում։ Ոգևորված պատմում էր, որ դասախոսներն ասել են, եթե գերազանց սովորի, ապա միանգամից կընդունվի համալսարան և բարձրագույն ուսումը կշարունակի Երևան քաղաքում։ Մեծ հույս ու հավատ ուներ, որը փոխանցվել էր նաև մեզ։
Չնայած ընտանիքին պատուհասած ծանր ողբերգությանը՝ Էրիկ և Մելինա Ղարիբյանները շարունակեցին պայքարել․ Հայկի հիշատակը նրանց պարտադրում է հավաքել ուժերը, չնահանջել, առաջ գնալ։ 2025 թվականի մայիսի 28-ին Ղարիբյանների ընտանիքը նոր լուսյով լցվեց․ ծնվեց կրտսեր Հայկոն
-Հայկոյի լույս աշխարհ գալը մեծ ուրախություն էր մեր ընտանիքի համար։ Նրա ամեն մի ժպիտը, լեզվի քաղցր թոթովանքը, անմեղ հայացքը կտրում է մեզ ծանր մտքերից ու ապրեցնում։ Ցանկացած ծնողի համար ամեն մի երեխա իր տեղն ունի։ Չորս երեխաներիս էլ սիրում եմ անսահման, յուրաքանչյուրին առանձնահատուկ սիրով։ Հայկը միայն ֆիզիկապես է բացակայում մեզանից։ Նա ամեն մի վայրկյան մեզ հետ է, մեր հուշերում, մեր սրտում։ Ինչքան էլ դժվար է, բայց մենք պարտավոր ենք ապրել, մեծացնել մեր երեխաներին ու հասցնել իրենց նպատակներին։
Ընդունել ենք ՀՀ քաղաքացիություն։ Ցանկանում ենք հավաստագրով բնակարան ձեռք բերել, սակայն մեր գումարը բավարար չէ Աբովյանում, կամ մոտակա գյուղերում տուն գնելու։ Իսկ Հայկից հեռու լինել չենք կարող, պետք է այստեղ ապրենք։
Ղարիբյանների ընտանիքը մեկն է 2023-ի սեպտեմբերի 25-ի պայթյունից տուժած հարյուրավոր ընտանիքներից, որ մինչև այսօր չունի որևէ կարգավիճակ։ Չնայած պայթյունից տուժած ընտանիքների խնդիրը բազմիցս է բարձրաձայնվել, սակայն պատկան մարմինների կողմից հարցին ոչ մի լուծում չի տրվել։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ