Հարց Եվրոպայի խորհրդին․ որտեղի՞ց և ինչպե՞ս են տեղահանվել արցախցիները

  • 20:50 03.02.2026

Փետրվարի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՚Ֆլահերթիի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Արտաքին գործերի նախարարությունից։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Եվրոպայի խորհրդի շրջանակներում առաջնային ուղղություններով՝ իրավունքի գերակայության շարունակական ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փոխգործակցությանը: Նախարար Միրզոյանն ընդգծել է Հայաստանի Հանրապետության կողմից ժողովրդավարական բարեփոխումների հավակնոտ օրակարգի կյանքի կոչման հարցում շարունակական հանձնառությունն ու իրականացվող քայլերը: Անդրադարձ է կատարվել նաև Ղարաբաղից տեղահանված փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված ծրագրերին:

Արարատ Միրզոյանը և Մայքլ Օ՚Ֆլահերթը մտքեր են փոխանակել  տարածաշրջանային հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության շարունակական ամրապնդմանն ուղղված ջանքերին, այդ թվում՝ հումանիտար բնույթի հարցերի:

Եվրոպայի խորհուրդը պնդում է օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության վրա, այդ թվում՝ Արցախից բռնի տեղահանվածների համար։ Սա խիստ գովելի է, հատկապես որ Եվրոպայի խորհուրդը հիշեցնում է դրա մասին Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը։

Արցախի ագրեսիայի և օկուպացիայի հետևանքով տեղահանվածներին աջակցության վերաբերյալ փաստաթղթերը վերջին երկուսուկես տարիների ընթացքում ապրել են ցնցող զարգացում, ինչը բնավ չի վկայում օրենքի գերակայության կամ մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման մասին։ Մասնավորապես, 2023 թվականի հոկտեմբերից ի վեր բռնի տեղահանված արցախցիները վերադասակարգվել են «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցից» պարզապես «տեղահանված անձանց»։ Այլ կերպ ասած՝ նշված չէ ո՛չ այն վայրը, որտեղից նրանք տեղահանվել են, ո՛չ էլ նրանց տեղահանման բռնի բնույթը։ Կարծես մարդիկ պարզապես վեր են կացել և տեղափոխվել Հայաստան, որտեղ, ինչ-ինչ պատճառներով, Եվրոպայի խորհուրդը օգնում է նրանց։

Այս էվոլյուցիան բնավ չի նպաստում մարդու իրավունքների պաշտպանությանը, այլ սահմանափակում է նրանց իրավունքները սոցիալական աջակցության ծրագրերով՝ առանց դրա համար քաղաքական կամ իրավական հիմք տրամադրելու։