
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից արցախցիներին կոչ են անում ճիշտ լրացնել հրատապ սոցիալական աջակցության ծրագրի դիմումը, որպեսզի մերժումներ չստանան։
Հիշեցնենք՝ վերջին օրերին արցախցիները սոցիալական ցանցերում ահազանգում են, որ մեծ թվով մարդկանց դիմումները մերժվում են։ Համակարգը արցախցիներին հետեւյալ բովանդակությամբ ծանուցումներ է ուղարկում․ «Ձեր ընտանիքի դիմումը մերժել է, քանի որ քաղաքացիության կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ձեր դիմումում ներառված չեն գրանցված ամուսնության մեջ գտնվող անդամների ամբողջական տվյալները» կամ «Ձեր դիմումին ընթացք չի կարող տրվել, քանի որ բնակչության պետական ռեգիստրում բացակայում է Ձեր հաշվառման հասցեն։ Դիմումը կարող եք ներկայացնել Ձեր բնակության հասցեն հաշվառելուց հետո»։
Աշխատանքի եւ սոցիալական հարցրերի նախարարության մամուլի խոսնակ Նվեր Կոստանյանը step1.am-ի հարցին ի պատասխան ասաց՝ եթե դիմումները լրացնեն սահմանված ձեւով, չեն մերժվի։ «Տվյալները լիարժեք ներկայացված չեն, զագսավորված լինելու դեպքում պետք է լրացնել նաեւ ամուսնու կամ կնոջ տվյալները։ Պետք է նաեւ ճիշտ լրացնել հաշվառման հասցեն։ Այսինքն՝ դիմումները պետք է լրացվեն ամբողջական, եթե նախկինում կիսատ են լրացվել, դա ընդունվել է, հիմա չի ընդունվում»,- ասաց նա։
Մեր հարցին՝ նախկինում մարդիկ լրացրել ու ստացել են աջակցությունը, ի՞նչ է փոխվել հիմա, եւ եթե փոփոխություն է եղել, ինչո՞ւ մարդիկ տեղեկացված չեն, ինչո՞ւ նախարարությունը որեւէ հայտարարություն չի տարածել այս մասին, Նվեր Կոստանյանը պատասխանեց․ «Որովհետեւ բան չի փոխվել։ Ինչ-որ բան փոխվելու մասին չէ խոսքը, պարզապես տվյալները պետք է լրացվեն ամբողջական»։
Նշենք, որ Արցախից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքների հրատապ սոցիալական աջակցության ծրագրի պայմաններին համապատասխանող յուրաքանչյուր ընտանիքի համար աջակցության չափը կկազմում է 40 000 դրամ, որին ավելանում է 10 000–ական դրամ՝ բռնի տեղահանված յուրաքանչյուր անդամի համար՝ սկսած 2–րդ անդամից։ Աջակցությունից կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք չեն գտնվում պետական հոգածության ներքո կամ չեն բնակվում համայնքային/պետական սեփականություն հանդիսացող տարածքներում, որոնց 1 անդամի հաշվով եկամուտները չեն գերազանցի 55,000 դրամը (գործող աջակցությունները մտնում են եկամտի հաշվարկում), որոնց անդամները միևնույն բնակելի անշարժ գույքի նկատմամբ չունեն միանձնյա կամ առնվազն 50% բաժնային կամ համատեղ սեփականության կամ գնման իրավունք, որոնց անդամները չունեն 2017 թվականի կամ ավելի թարմ արտադրության ավտոմեքենա կամ որոնց ավտոմեքենաների գույքահարկը պակաս է 15,000 դրամից։
Կառավարությունը հայտարարել է, որ այս ծրագրի ժամկետը երկարացվել է մինչև 2026 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ։