
Բնականաբար մտահոգիչ է, դատապարտելի է, բայց մյուս կողմից անակնկալ չկա, NEWS.am–ի հետ զրույցում նշել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ ցմահ ազատազրկման որոշումներին, որոնք կայացվեցին այսօր։
«Հարցն այն է, թե հաջորդ քայլերը որոնք են լինելու։ Նկատի ունեմ նախ կբողոքարկեն, թե չէ հայերը, երկրորդը, Ադրբեջանի իշխանությունները հիմա արդյոք նախատեսո՞ւմ են օրինակ ներումով կամ համաներումով ազատ արձակել մի մասին։ Իրենք սովորաբար ազատ են արձակում շինծու դատավարություն անցած, արդեն չակերտավոր ասած պատիժը կրող հայերին և չի բացառվում, որ սա կապ ունի նաև ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցի հետ, առնվազն մի մասի պարագայում։
Այսինքն ժամկետային առումով համընկնություն կա, թե մյուս կողմից սպասելի էր, որ հենց այս շաբաթներին պետք է այդ դատավճիռը լիներ, գործընթացը այդ ուղղությամբ էր գնում»,–ասաց նա։
Ժամկետներն իրոք համընկել են․ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Միլանում ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակցելուց հետո կժամանի Հայաստան և Ադրբեջան։
«Իտալիայից հետո Վենսը կմեկնի Հայաստան և Ադրբեջան, որտեղ Թրամփը նրան հանձնարարել է մշակել համաձայնագիր՝ ուղղված երկու երկրների միջև քառասունամյա հակամարտության դադարեցմանը», – գրում է Associated Press-ը՝ չհստակեցնելով, թե կոնկրետ որ օրը ԱՄՆ փոխնախագահը կժամանի Հայաստան և Ադրբեջան։
Իտալիայի Միլան քաղաքում ձմեռային Օլիմպիական խաղերի բացումը տեղի կունենա փետրվարի 6-ին:
Մինչ Վենսի այցը բազմաթիվ հայ և օտարերկրյա գործիչներ հրապարակավ դիմել են ԱՄՆ վարչակազմին՝ կոչ անել Ալիևին որպես խաղաղության հաստատելու բարի կամք ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին։ Վերլուծաբանները նշում են, որ այդ քայլը մեծ իմիջային օգութներ կբերի Թրամփի վարչակազմին, ինչպես նաև կհեշտացնի հաշտեցման գործընթացը։
Գերիների առկայությունը հուզմունքային ծանր կնիք է գործընթացի վրա․ չնայած հանրային հուզմունքը բուռն չի արտահայտվում, սակայն հոգու մեջ յուրաքանչյուրը հրաշքի է սպասում և ազատություն ցանկանում գերության մեջ պահվողներին։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել է 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18 տարվա, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա, Լևոն Բալայանը՝ 16 տարվա, Վասիլի Բեգլարյանը՝ 15 տարվա, Գուրգեն Ստեփանյանը՝ 15 տարվա և Էրիկ Ղազարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Ավելի վաղ «դատարանը» ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին և ԼՂՀ նախկին նախագահ Բակո Սահակյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման, իսկ ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և նրա տեղակալ Դավիթ Մանուկյանին՝ ցմահ ազատազրկման։
Արդյո՞ք Վենսի այցը ազատություն կբերի այսօրվա դատապարտյալներին, և արդյո՞ք դա կվերաբերի Ռուբեն Վարդանյանին։
Արցախի նախկին պետնախարար, հայտնի բարերար, գործարար, այժմ Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ հեռախոսազրույցի ժամանակ խնդրել է հրապարակայնացնել Ալբեր Կամյուի «Ընդվզող մարդը» (1951) էսսեից հետևյալ միտքը.
«Մենք չենք կարող կանխատեսել ապագան, և հնարավոր է, որ վերածնունդը անհնար լինի», -ասել է Ռուբենը։-«Մենք պարզապես հրաժարվում ենք խոնարհ լինելուց: Մենք պարտավոր ենք խաղադրույք կատարել վերածննդի վրա: Այնուամենայնիվ, մեզ այլ ընտրություն չի մնացել. մենք կամ կվերածնվենք, կամ կմեռնենք»: