Արցախցիների բնակապահովման ծրագրից օգտվել է 4404 ընտանիք

  • 21:48 06.02.2026

Փետրվարի 6–ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է  գերատեսչության 2025 թվականի գործունեության արդյունքների ամփոփ հաշվետվությունը, որին ներկա է եղել Նիկոլ Փաշինյանը։

Արսեն Թորոսյանը նշել է, որ Ղարաբաղից տեղահանված անձանց կայուն կենսաապահովմանն ուղղված ծրագրերը պետության ուշադրության կենտրոնում են։ Նախարարի խոսքով՝ 2025 թվականի ընթացքում առանձին խմբերի անձանց կեցության և այլ ծախսերը հոգալուն ուղղված ծրագրի շրջանակում 44,414 անձի տրամադրվել է 40,000 դրամ աջակցություն (աջակցությունը շարունակվում է 30,000 դրամ յուրաքանչյուր անձի հաշվով)։ Կարիքավոր ընտանիքներին հրատապ աջակցության ծրագրի շրջանակում ևս աջակցություն է ստացել 6,168 ընտանիք։

Պետական բյուջեից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրին ուղղվել է 7.1 մլրդ դրամ՝ 4167 շահառուի աջակցություն տրամադրելու համար։ 2025 թ․ ընթացքում հավաստագիր է ստացել 3947 ընտանիք, որից իրացվել է 3697-ը։ Տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում 2026 թ․ փետրվարի 1–ի դրությամբ հավաստագիր ստացած անձանց թիվը 4404 է, որից 1932-ն իրացրել է հավաստագիրը։

Հաշվետու տարվա ընթացքում պետական բյուջեից վճարվել է շուրջ 3 մլրդ դրամ։ Տեղահանված անձանց համար ուսուցման և աշխատանքային փորձ ձեռքբերելու համար աջակցության տրամադրման ծրագրից 2025 թ․օգտվել է 952 անձ (նախատեսվածի 95.2 %):

Արսեն Թորոսյանը ներկայացրել է նաև սոցիալական բնակարանային ֆոնդի ընդլայնման ուղղությամբ իրականացված աշխատանքները՝ ընդգծելով, որ առաջիկայում կվերանայվեն և կհստակեցվեն սոցիալական բնակարանների տրամադրման քաղաքականությունն ու ընթացակարգերը։