Ալեն Սիմոնյանը Մոսկվայում քննարկե՞լ է Նախիջևանի հարցը և Կարսի պայմանագիրը

  • 09:46 07.02.2026

Սևրի պայմանագրի քարտեզը

Հայ-ռուսական «համագործակցությունը» վերահաստատելու համար Մոսկվա ուղարկված ՀՀ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը զրուցել է Վալենտինա Մատվիենկոյի և Սերգեյ Լավրովի, ինչպես նաև «Ռոսատոմ»-ի ղեկավարի և այլ կարևոր դեմքերի հետ: Այցի հիմնական ուղերձն այն էր, որ Հայաստանը մտադիր չէ դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ), որ դեռևս կան խնդիրներ ՀԱՊԿ-ի հետ (չնայած ի՞նչ է ՀԱՊԿ-ն), որ Ռուսաստանը կարող է միանալ տարածաշրջանը ապաշրջափակելու ամերիկյան ծրագրին, և որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը այժմ ունեն ընդհանուր հակառակորդ տարածաշրջանում՝ ԵՄ-ն:

Այնուամենայնիվ, սրանք բոլորը տեխնիկական հարցեր են, որոնք չեն անդրադառնում 100 տարի առաջ Ռուսաստանի և Թուրքիայի միջև Հայաստանի բաժանման հիմքերին: 1921 թվականի Կարսի պայմանագիրն է մնում այդ հիմքը, և անհրաժեշտ է որոշել, թե արդյոք այս պայմանագիրը գոյություն ունի, թե ոչ: Հայաստանը պետք է առաջինը բարձրացնի այս հարցը, քանի որ այն պայմանագրի առարկան էր, և հենց Հայաստանն է բաժանված Ռուսաստանի և Թուրքիայի միջև:

Ալեն Սիմոնյանը Մոսկվայում քննարկե՞լ է Կարսի պայմանագիրը: Հիշեցնենք, որ 2011 թվականին պայմանագրի 90-ամյակի առթիվ Էրդողանը հատուկ այց կատարեց Մոսկվա և Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ վերահաստատեց, որ Կարսի պայմանագիրը ուժի մեջ է մնում։ Այն ուժի մեջ է մնում մինչ օրս, չնայած հայկական իշխանությունների փորձերին՝ ձևացնել, թե այլևս Հայաստանն է որոշում իր սահմանները։

Մինչդեռ, Սիմոնյանի Մոսկվա այցից մեկ օր առաջ տեղեկություն հայտնվեց, որ Նախիջևանը իր Սահմանադրությունից հանել է 1921 թվականի ռուս-թուրքական Մոսկվայի և Կարսի պայմանագրերի հղումը։ Հենց այդ պայմանագրերով է, որ Հայաստանի մաս կազմող Նախիջևանը հայտնվել է Ադրբեջանի ժամանակավոր պրոտեկտորատի ներքո։ Եւ հենց այն պատճառով, որ Արցախը չէր ընդգրկվել այս պայմանագրում, 1989 թվականին հնարավոր դարձավ հայտարարել Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին։

Հայաստանում Կարսի պայմանագրի և 1989 թվականի որոշման հարցը խորը տաբուի տակ է․ բոլորը ձևացնում են, թե դրանք հնացած և չգործող փաստաթղթեր են։ Միայն մի քանի մասնագետներ են համառորեն նշում, որ Հայաստանի և տարածաշրջանի երկրների ներկայիս սահմանները հիմնված են Կարսի պայմանագրի և հայերի 1989 թվականի միակ ինքնիշխան որոշման, այլ ոչ թե հայտնի Ալմա-Աթայի հռչակագրի վրա։

Տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն կամ օրինականացում չի կարող իրականացվել առանց երկու հիմնարար փաստաթղթերի՝ Կարսի պայմանագրի և Հայաստանի ու Արցախի վերամիավորման մասին 1989 թվականի որոշման։

Ահա թե ինչու Բաքուն և Անկարան պահանջում են դրանց չեղյալ հայտարարումը՝ ընդունելով, որ մինչև այս փաստաթղթերի չեղյալ հայտարարումը, տարածաշրջանի բանալիները Հայաստանում են։

Ոչ պաշտոնական Երևանը, ոչ էլ Մոսկվան չեն մեկնաբանել Կարսի պայմանագրի հղումը Նախիջևանի Սահմանադրությունից հանելու վերաբերյալ։ Ոչ Անկարան, ոչ էլ Մոսկվան չեն հայտարարել Կարսի պայմանագրի դադարեցման մասին։

Այս հարցը կբարձրացվի՞ ԱՄՆ փոխնախագահ Վենսի Հայաստան կատարած այցի ժամանակ։ Երկար տարիներ Պենտագոնի կայքում տեղադրված էր Մեծ Մերձավոր Արևելքի քարտեզ, որը պատկերում էր տարածաշրջանը այնպես, կարծես Կարսի պայմանագիրը երբեք գոյություն չի ունեցել։