Նահանջի հրաման էր արձակվել․ Ջրականից տղաները նահանջում են Սարուշեն գյուղը

  • 10:22 07.02.2026

Արայիկ Վարուժանի Ղահրամանյանը ծնվել է 2000 թվականի սեպտեմբերի 12-ին, Ստեփանակերտ քաղաքում։ Արայիկը մեկն է այն հազարավորներից, որ զոհվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմում՝ նվիրաբերելով իր մատաղ կյանքը հայրենիքի պաշտպանությանը։

Մայրը՝ Մարինեն, պատմում է

-Աշխույժ, ժիր, մի քիչ չարաճճի երեխա էր։ Դպրոցում լավ էր սովորում․ մեծին հարգել, սիրել գիտեր։ Բնավորության մեջ դրական շատ հատկություններ ուներ, որոնք հետագայում օգնեցին լավ ընկերներ ու շրջապատ ձեռք բերելու։ Արայիկը սիրում էր կիսվել՝ իր ուրախությամբ, նոր գաղափարներով, մտահոգություններով։ Շատ ընկերասեր էր, ազնիվ ու միշտ շրջապատված ընկերներով։

Մեր ընտանիքը, կարելի է ասել, զինվորականների ընտանիք է։ Ամուսինս ամբողջ կյանքում ծառայել է ԱՀ ՊԲ-ում։ Այժմ զինվորական թոշակառու է։ Ավագ որդիս՝ Հարութը, ռազմական բժիշկ է։ Ուսումը ստացել է Երևանում։

Արայիկը դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ստեփանակերտի «Նարեկացի» համալսարանի «Զինվորական ֆիզկուլտուրա» բաժինը։ 2018 թվականի հունվարին զորակոչվել է ԱՀ ՊԲ շարքերը։ Ծառայությունն անց էր կացնում Ջրականում՝ 5-րդ գումարտակում։ 6 ամիս հետո նրան ուղարկում են Երևանի զորամասերից մեկում սովորելու կապավորի գործը։ Մի քանի ամիս հետո որդիս վերադառնում է՝ որպես կապավոր-սերժանտ։ Ծառայության ընթացքում մի քանի անգամ նամակ ենք ստացել նրա զորամասից։  Տեղեկացնում էին, որ մեր որդին անբասիր և օրինակելի ծառայություն է իրականացնում։ Մեր հպարտությանը չափ ու սահման չկար։

Երբ 2020-ի սեպտեմբերի 27-ի առավոտյան սկսվեց պատերազմը, Արայիկն իր 17՝ նորակոչիկ, զինովորների հետ էր ու նրանց հետ մնաց մինչև վերջ։ Բոլորս գիտեինք արդեն, որ Ջրականում սարսափելի իրավիճակ էր։ Հարյուրավոր տղաներ էին զոհվում։

․․․Հավանաբար նահանջի հրաման էր արձակվել․ Ջրականից տղաները նահանջում են Սարուշեն գյուղը։ Երբ լսեցի, որ որդիս Սարուշենում է, տեղս չէի կարողանում գտնել, անհապաղ ուզում էի տեսնել նրան։ Ամուսնուս հետ գնացինք այնտեղ։ Չէր թողնում գրկեմ, համբուրեմ, ասելով՝ տղաների ծնողները հեռու են, մի՞թե նրանք չեն ցանկանա մայրերի գրկում հայտնվել։ Որդիս ասես միանգամից հասունացել էր․ հետո հասկացա, որ պատերազմն իրենն արել է․ ինչե՜ր ասես, որ չի տեսել։

Հոկտեմբերի 29-ի լուսադեմին հրահանգվում է մեկնել Քերթ գյուղը։ Զինվորական երկու մեքենաներ հայտնվում են թշնամու անօդաչուների թիրախում։ Երբ լսում ենք սարսափելի դեպքի մասին, սկսում ենք ամենուր փնտրել մեր որդուն։ Նկարը ձեռքիս վազում եմ Ստեփանակերտի հոսպիտալ ու ցույց տալիս զինվորներին․ գո՞ւցե տեսնող է եղել։ Մի տղա մոտենում է ինձ ու ասում՝ ձեր որդին այդ մեքենայում չէր, ես բոլորի դեմքերը լավ հիշում եմ։ Մի փոքր հույսով եմ լցվում, սակայն զուր էր իմ հուսալը։ Որդիս մյուս մեքենայի մեջ էր։ Նրանց մեքենայից մի հոգի է փրկվել, քանի որ դրսում էր ու չէր հասցրել նստել մեքենան։ Այդ տղային ալքիը մի կողմ է շպրտել։

Որդուս մարմինը, սակայն, չէինք գտնում։ Նոյեմբերի սկիզբն էր․ մենք ապաստան էինք գտել եկեղեցու նկուղում, որտեղ այդ օրերին միայն տղամարդիկ էին, քանի որ պատերազմի ելքն արդեն պարզ էր։ Ինձ հորդորում էին որդուս Հայաստանում գտնել․ փնտրտուքներն արդյունք չէին տալիս։

Նոյեմբերի 7-ին մեկնեցինք Երևան ու շարունակեցինք շրջել Հայաստանի հիվանդանոցներով, դիահերձարաններով։ Այդ ընթացքում նույնականացման համար 10 անգամ արյան անալիզ եմ հանձնել։ Դատաբժշկականում ասում էին՝ կգտնենք։ Դեկտեմբերի 3-ին ինձ զանգահարում են  ու ասում, որ գտել են որդուս։ Անմիջապես գնում ենք այնտեղ, ու այդ պահին մի կին մոտենում է ինձ ու արտասվելով ասում՝ երանի քեզ, գտար զավակիդ։ Երբեք չեմ մոռանա այդ պահը․ որդեկորույս մայրը երանի է տալիս որդու աճյունը գտած մորը․․․

Արայիկին հուղարկավորում ենք դեկտեմբերի 5-ին՝ Եռաբլուրում։ Հիմա եմ հասկանում, որ ճիշտ որոշում ենք կայացրել ու նրան թողել այստեղ․ այլապես չէինք դիմանա։

 Արայիկ Վարուժանի Ղահրամանյանը հետմահու արժանացել է «Մարտական խաչ երկրորդ աստիճանի» և «Մարտական ծառայության» մեդալների։

Փառք ու պատիվ քեզ, հերոս հայորդի։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ