Մենք կանք․ Տարվա ընթացքում իրականացրել է 60-ից ավելի համերգներ, փառատոներ

  • 10:31 07.02.2026

«Արցախյան մշակույթի պահպանության կենտրոն» ՀԿ-ն ամփոփել է 2025 թվականը

ՙՙ2025 թվականը «Արցախյան մշակույթի պահպանության կենտրոն» ՀԿ-ի համար հեշտ տարի չէր։ Հայրենազրկման շարունակականությունը, արցախցիների ցրվածությունը և մշակութային միջավայրի կորուստը արցախյան մշակույթը դրեցին առավել խոցելի վիճակում։ Սակայն կազմակերպության առաքելությունը մնաց անփոփոխ՝ պահպանել կենդանի մշակույթը և այն դարձնել բոլոր հայերի սեփականությունը։

Տարվա ընթացքում կազմակերպությունը իրականացրել է 60-ից ավելի միջոցառում՝ համերգներ, փառատոներ, մշակութային նախաձեռնություններ՝ հատկապես Հայաստանի մարզերում և սահմանամերձ համայնքներում։ Այս ծրագրերով ոչ միայն պահպանվել է արցախյան մշակութային ներկայությունը, այլև աշխուժացվել է մարզերի մշակութային կյանքը։

2025-ը հիշվեց նաև միջազգային ներկայությամբ․

Արցախի պարի պետական համույթը հյուրախաղերով հանդես եկավ ԱՄՆ-ում՝ «Armenia Fund»-ի հրավերով, իսկ Իտալիայում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում անցկացվող միջազգային փառատոնում ներկայացան Արցախի ազգային նվագարանների նվագախումբը և Արցախի պարի պետական համույթը։

Մշակույթի միջոցով հնարավոր եղավ միջազգային հարթակներում ներկայացնել ոչ միայն արվեստը, այլ նաև Արցախի ճշմարիտ պատմությունը։

Սակայն մարտահրավերները շարունակում են խորանալ։ Արցախի մշակութային կոլեկտիվների մեծ մասը մինչ այսօր կայուն ֆինանսավորում և գործունեության նվազագույն պայմաններ չունի։ Շատերն աշխատում են տարբեր ոլորտներում՝ պարզապես գոյատևելու համար, իսկ բեմը դարձել է ոչ թե առօրյա, այլ հազվադեպ հանդիպում։

Այդուհանդերձ, կազմակերպությունը չի թուլացնում իր ջանքերը։ Առաջնահերթությունը նույնն է՝ պահպանել և հանրահռչակել արցախյան ոչ նյութական մշակութային ժառանգությունը։

Ամանորից անմիջապես հետո՝ հունվարի 18-ին

Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կայացավ  «ՄԵՆՔ ԿԱ՛ՆՔ» խորագիրը կրող լայնածավալ միջոցառում, որն իր շուրջը համախմբեց մեր բազմաթիվ հայրենակիցների։

Այն հիշեցում էր, որ մշակույթը դեռ ապրում է։ Եվ քանի դեռ այն ապրում է՝

ՄԵՆՔ ԿԱ՛ՆՔ։՚՚