“Արցախ”-ը հնչել է և կհնչի Օլիմպիական խաղերում

  • 16:26 08.02.2026
Կոմպոզիտոր Արա Գևորգյանը պաշտոնապես թույլատրել է, որ օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Նիկիտա Ռախմանինն ու Կարինե Ակոպովան ելույթ ունենան «Արցախ» ստեղծագործության ներքո։
Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեն բողոք է հայտնել ձմեռային օլիմպիական խաղերում այդ ստեղծագործությունն օգտագործելու կապակցությամբ: Ու թեև «Արցախը» պարզապես երաժշտություն է` առանց բառերի, Բաքվում կարծում են, որ այն «քաղաքական և անջատողական ենթատեքստ» ունի։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի բողոքին, ապա Արա Գևորգյանը կարծում է, որ նրանց դուր չի գալիս ստեղծագործության անվանումը։
«Երևի վերնագիրը դուրները չի գալիս։ Ասում են` Արցախ չկա, ուրեմն այդ երաժշտության անունն էլ պետք է չլինի՞։ Այդպես չէ, ես համաձայն չեմ։ Ես ստեղծագործություններ ունեմ` Վան, Մուշ, Արարատ, Սիս, Ադանա, Վաղարշապատ, Ադանա… Հիմա ի՞նչ, վերնագրերը պետք է բռնենք ու փոխե՞նք։ Հեղինակի իրավունքն է, ինչ ուզում է, այդ անունն էլ դնում է իր ստեղծագործությանը»,– ասաց կոմպոզիտորը։
Արա Գևորգյանն ուրախ է ու հպարտ, որ Նիկիտա Ռախմանինը և Կարինա Ակոպովան հանդես են գալու իր «Արցախ» ստեղծագործության ներքո։
«Մեր գեղասահորդները շատ լավ երաժշտություն են ընտրել։ Այդ երաժշտությունը շատ «խերով» է, շատ մարզիկներ են այդ երաժշտությամբ ներկայացել ու հաղթել են կամ շատ լավ տեղ զբաղեցրել»,– ասաց նա։
Գևորգյանը հիշեցրեց, որ «Արցախ» երաժշտությունը արդեն 4-րդ օլիմպիական խաղերի ժամանակ է հնչելու, առաջինը՝ 2002-ին Սոլթ Լեյք Սիթիում, 2006-ին՝ Թուրինի օլիմպիական խաղերում, 2016-ին՝ Ռիո դե Ժանեյրոյում, չորրորդն էլ՝ հիմա։