
Չնայած Արցախի Ազգային ժողովի խոսնակի և Արցախի նախագահի պաշտոնակատարի պնդմանը, որ Արցախի հարցը փակված չէ, ԱՄՆ փոխնախագահ Վենսի այսօրվա այցը ցույց է տալիս, որ արցախյան գործիչները իրենց համար փակել են այս հարցը։
Վերջին երկու օրերի ընթացքում փոխնախագահ Վենսը բառացիորեն ողողված է նամակներով և կոչերով՝ Բաքվում պահվող բանտարկյալների ազատ արձակմանը և այլ մարդասիրական հարցերի լուծմանը նպաստելու համար։
Նամակներում սակայն չի վիճարկվում 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված փաստաթուղթը, որով Հայաստանը համաձայնվում է ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի մաս՝ համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի։
Ալմա-Աթայի հռչակագիրը Միացյալ Նահանգների համար օրինական փաստաթուղթ չէ. հակառակ դեպքում, որպես Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների միջնորդ, Միացյալ Նահանգները չէր առաջարկի Ալմա-Աթայի հռչակագրի ուղղակի խախտում։ Թրամփի ծրագրի համաձայն՝ Ուկրաինան պետք է հրաժարվի Ռուսաստանի կողմից ներկայումս օկուպացված սեփական տարածքների նկատմամբ իր իրավունքներից։ Այսինքն, խախտի Ալմա-Աթայի հռչակագիրը։
Իսկ Արցախի դեպքում ԱՄՆ-ն առաջ է մղում «խորհրդային սահմանները»՝ դառնալով 150,000 հայ քրիստոնյաների ցեղասպանության և տեղահանության մեղսակից։
Սակայն Արցախի ղեկավարների նամակներում այս մասին որևէ հիշատակում չկա։
Ավելին, նամակներից մեկում ացվում է, որ «Միջազգային խաղաղության և բարօրության Թրամփի ուղու» (TRIPP) հաջողությունը և 2025 թվականի օգոստոսի Վաշինգտոնյան գագաթնաժողովի արդյունքները մեծապես կախված են խորը հումանիտար վերքերի ապաքինումից»։
Այլ կերպ ասած, Վաշինգտոնի գագաթնաժողովի արդյունքները ընդունելի են արցախյան գործիչների համար, և հարցը միայն մարդասիրական խնդիրներն են։ Եվ եթե ԱՄՆ-ն նպաստի գերիների ազատ արձակմանը և անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանը, ապա դա կապացուցի, որ “խաղաղության այս գործընթացը խարսխված է արդարության, այլ ոչ թե լոկ հարմարվողականության վրա”։
Արցախի թեմի հոգևոր հովիվ Վրթանես սրբազանը նույնիսկ քաղաքական գնահատական տվեց 2023 թվականի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցածին։
«Բաքվի բանտում ապօրինաբար դեռևս պահվում են մեր հայրենակիցները, որոնք պատանդ են վերցվել 2023 թ․ սեպտեմբերի 20-ի պաշտոնական զինադադարից և Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի իշխանությունների ստորագրած պայմանագրից հետո», գրել է նա Վենսին ուղված նամակում։
Այսպիսով, պարզվում է, որ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի իշխանություններն են ստորագրել ինչ-որ համաձայնագիր, որի համաձայն 120,000 բնիկ արցախցիներ լքել են իրենց տներն ու ունեցվածքը, իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտնվել է Բաքվում: Ոչ մի խոսք Հայաստանի կառավարության պատասխանատվության մասին, ոչ մի խոսք այն մասին, թե ինչ էին անում ռուսական զորքերը Արցախում։
Ավելին, Վենսին ուղղված նամակում Արցախցի հովիվը կոչ է անում ոչ թե վերականգնել դեպի Արցախում մնացած եկեղեցիների իր հոտի մուտքը, այլ նպաստել միջազգային առաքելությունների Արցախ ուղարկելուն։
«Ուստի մեր ողջ հավատացյալների դասի և հոգևորական եղբայրների անունից դիմում եմ Ձեզ՝ հորդորելով նպաստել մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված անհապաղ քայլերին՝ թույլատրելով և խթանելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ անաչառ գիտական ու մշակութային կառույցների միջազգային մոնիթորինգը և փաստագրումը՝ ապահովելով անսահմանափակ մուտք փորձագետների և անկախ լրագրողների համար, ինչպես նաև աջակցելով սրբավայրերի երկարաժամկետ պահպանության և վերականգնման նախաձեռնություններին», ասված է նամակում։
Ավելի վաղ Արցախցի հոգևոր հովիվը միացել է Գարեգին Բ կաթողիկոսի դեմ ուղղված արշավին, որն ավելի սրվեց այն բանից հետո, երբ կաթողիկոսը Շվեյցարիայում հանդես եկավ որպես Հայ Առաքելական եկեղեցու սեփականություն՝ Արցախում գտնվող եկեղեցիների հասանելիության ապահովման օգտին։