
«ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը բարով է եկել Հայաստան, բայց շատ ավելի լավ կաներ, որ սկզբում գնար Բաքու և իր հետ բերեր մեր բոլոր հայրենակիցներին։ Մենք բոլորս գիտենք, որ հայ գերիներն այնտեղ պատանդներ են բռնապետ Ալիեւի ձեռքին։ Պատանդ նշանակում է, որ նրանք օգտագործվում կամ օգտագործվել են քաղաքական առեւտրի նպատակով։ Ուստի, ԱՄՆ ղեկավարությունը հնարավորություն ունի որպես տարածաշրջանում խաղաղության եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնմամբ շահագրգռված կողմ՝ մեկ հստակ քայլ կատարելու, որը կմոտեցնի իրական խաղաղությունը։
Իհարկե, դրանով մեր ժողովուրդները չեն հաշտվի, դրանով Արցախի ժողովրդի դեմ կատարված ցեղասպանության հետեւանքներն ամբողջապես չեն վերացվի, սակայն սա հումանիտար շատ մեծ դրական քայլ կլինի դեպի առաջ եւ նոր հնարավորության դռներ կբացի հետագա հիմնախնդիրների հասցեագրման ու երկարաժամկետ խաղաղություն ապահովելու համար»,- այսօրվա ակցիայի ժամանակ ասաց Արցախի նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Նրա խոսքով՝ Բաքվի բանտերում դատապարտվում եւ խոշտանգվում են բոլոր հայերը, որովհետեւ այնտեղ գտնվող բոլորը մեզ են ներկայացնում։
Եվ քանի դեռ կա մեկ հայ ադրբեջանական բանտում, չի կարող լինել խաղաղություն եւ հաշտություն, հավելեց Բեգլարյանը։
«ԱՄՆ փոխնախագահ Վենսին խնդրումմ ենք, ինչու ոչ՝ նույնիսկ պահանջում ենք, որ Բաքվում հստակ բարձրացնի առաջին հերթին բոլոր 19 հայ պատանդների անհապաղ ազատ արձակումը։ Այնուհետեւ բարձրացնի անհայտ կորածների ճակատագրերի պարզման ուղղությամբ գործնական քայլերի կատարման եւ Արցախի ժողովրդի վերադարձի ապահովման ուղղությամբ գործնական մեխանզիմների ներդրման հարցերը»,- ասաց Բեգլարյանը։