Վենսի Ծիծեռնակաբերդ այցը և “սովետական սահմանները” ԱՄՆ-ին պատիվ չեն բերում

  • 01:20 11.02.2026

«Ազատությունը» բացառիկ մեկնաբանություն է ստացել Վենսի աշխատակազմից՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցի մասին գրառումը ջնջելու վերաբերյալ։

Վենսի աշխատակազմից հայտնել են, թե գրառումը սխալմամբ է տեղադրվել անձնակազմի կողմից, որոնք փոխնախագահի գլխավորած պատիրակությունում չեն եղել:

Վենսի խոսնակն իր հերթին հայտարարել է. «Այդ օգտահաշիվը կառավարվում է այն աշխատակիցների կողմից, որոնք հիմնականում տարածում են փոխնախագահի լուսանկարներն ու տեսանյութերը: Այս հարցի շուրջ փոխնախագահի տեսակետին կարող եք ծանոթանալ ինքնաթիռի մոտ նրա արած մեկնաբանությունում»:

Ջեյ Դի Վենսի սոցիալական ցանցերի էջից հեռացվել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելության մասին հրապարակումը։ Այդ հրապարակման մեջ երկու անգամ հիշատակվել էր «Հայոց ցեղասպանություն» եզրույթը։

Վենսի հրապարակումը փոխարինվել է նրա մամուլի քարտուղար Թեյլոր Վան Քիրքի վերահրապարակմամբ՝ Ջեյ Դի Վենսի և նրա տիկնոջ այցելության մասին, որում ասվում է. «Հայաստան կատարած մեր այցի վերջին օրը ծաղիկներ խոնարհեցինք Անմար կրակի մոտ և գրառում կատարեցինք պատվավոր հյուրերի գրքում»։

Անդրադառնալով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր իր այցելությանը, Վենսն ասաց. «Վաղը մենք այցելելու ենք Ադրբեջանի մի քանի կարևոր վայրեր, և երբ խոսեցինք հայերի հետ, նրանք ասացին, որ սա մեզ համար շատ կարևոր վայր է։ Ակնհայտ է, որ ես առաջին փոխնախագահն եմ, ով երբևէ այցելել է Հայաստան։ Նրանք խնդրեցին մեզ այցելել այդ վայրը։ Ակնհայտ է, որ տեղի է ունեցել շատ սարսափելի բան մի փոքր ավելի, քան 100 տարի առաջ։ Դա շատ կարևոր է նրանց համար մշակութային առումով։ Այսպիսով, ես մտածեցի՝ դա հարգանքի նշան կլինի ինչպես զոհերի, այնպես էլ Հայաստանի կառավարության նկատմամբ, որը մեզ համար շատ կարևոր գործընկեր է եղել տարածաշրջանում։

Ես ուզում էի այցելել և հարգանքի տուրք մատուցել»։

Փաստորեն, ԱՄՆ փոխնախագահը Հայոց ցեղասպանությունը հայերի համար կարևոր է համարում միայն «մշակութային առումով»։ Հավանական է, որ երբևէ հայտնի չդառնա, թե ով կամ ինչն է ստիպել Վենսին փոխել Ծիծեռնակաբերդ այցելության մասին իր գրառումը և հանել «Ցեղասպանություն» բառը։ Սակայն ակնհայտ է, որ Վենսի այցի ամբողջ տրամաբանությունն ուղղված էր տարածաշրջանում «խորհրդային սահմանների» օրինականացմանը՝ Արվախի հարցի չհիշատակում, Բաքվում արված հայտարարությունն այն մասին, որ նա առաջինն էր, որ թռավ Թրամփի «Ադրբեջանի երկու մասերը կապող» մայրուղու վրայով, և «Ցեղասպանություն» բառի և դրա քաղաքական ու իրավական հետևանքների մերժում։

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված հայ-ադրբեջանական փաստաթղթի վերջնական ստորագրումը կլինի Հայաստանին՝ Արցախի, Նախիջևանի, Կարսի և Արարատ լեռան նկատմամբ իր ազգային իրավունքներից զրկելու վերջին գործողությունը։ ԱՄՆ-ն պնդում է Հայաստանի «խորհրդային սահմանները», և դա նրանց պատիվ չի բերում։