
Այդ հարցն, անշուշտ, կբարձրացվի։ Այս մասին փետրվարի 10–ին «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում նշել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Բաքվում բարձրացնելու է հայ գերիների ազատ արձակման հարցը։
«Այսինքն՝ մենք շատ լավ հարաբերություններ ենք ունեցել և՛ վարչապետ Փաշինյանի, և՛ նախագահ Ալիևի հետ։ Գիտեք, ես երեկ լսեցի վարչապետի ասածը, որ նա լավատեսորեն է տրամադրված խաղաղության համաձայնագրի նկատմամբ՝ հիմնվելով այն բանի վրա, թե որտեղ ենք մենք գտնվում՝ համեմատած մի քանի ամիս առաջվա հետ։
Այսպիսով, մենք անպայման մի շարք թեմաներ ենք բարձրացնելու, բայց կարծում եմ, որ մենք շարունակելու ենք շատ հաջողությամբ աշխատել ադրբեջանցիների և հայերի հետ»։
Վենսի հետ քննարկել ենք նաեւ Բաքվում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարցը։ Այս մասին Հ1–ի եթերում նույն երեկոյան ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այդ հարցում ինչքան անաղմուկ ենք գործում… խնդրում եմ հնարավորինս քիչ մանրամասներ ակնկալել ինձնից, բայց ասում եմ՝ մենք այդ հարցը քննարկել ենք։ Որևէ բանակցություն չկա, որտեղ այդ թեմային չանդրադառնանք»,– ասել է նա։
15 հայ գերիների ազատ արձակումը կլիներ ևս մեկ կարևոր քայլ Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հասնելու ուղղությամբ, ասված է Եվրոպական խորհրդարանի անդամների համատեղ հայտարարության մեջ։
«Փետրվարի 5-ին, հինգշաբթի, Բաքվի ռազմական դատարանը 19 ձերբակալված հայերից 15-ին, որոնք դեռևս պահվում են Ադրբեջանում և ձերբակալվել են նախկին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կապակցությամբ, դատապարտեց երկարատև ազատազրկման։ Մենք խորապես ցավում ենք այդ որոշման համար, որը նախատեսում է հինգ ցմահ ազատազրկում»,- ասված է Եվրախորհրդարանի պատգամավորների հայտարարության մեջ։
Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը երեկ իր եզրափակիչ խոսքն ասաց Բաքվի «դատարանում» վերջնական «դատավճռի» հրապարակումից առաջ, որը կհնչի այսօր՝ Բաքվում ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցի հիմնական օրը։
Վարդանյանը հայտարարել է պաշտպանական վերջին խոսքից։ Իր եզրափակիչ խոսքում Վարդանյանը պարզապես նշել է, որ երկու տարվա ընթացքում ծանոթացել է ադրբեջանական պոեզիային և ռուսերենով կարդացել է Մուհամմադ Ֆիզուլիի բանաստեղծություններ և Հուսեյն Ջավիդի բանաստեղծության մի հատված։
Այսօր կհրապարակվի Ռուբեն Վարդանյանի դատավճիռն։ Այդպիսով Բաքվում պահվող հայ պատանդների հանդեպ այլևս բոլոր իրավական ընթացակարգերն ավարտված են։
Ըստ միջազգային հումանիտար իրավունքի, դատավճռից հետո անձն իրավունք ունի պահանջել “պատիժը” կրել այն տեղը, այն երկրում, որտեղ նրան կապահովվի հարազատների հետ հանդիպումներ։