Արցախցիների դժվարությունները չեն վերջանում. անտերության մատնված

  • 10:30 11.02.2026

Արցախից տեղահանված 62-ամյա կնոջ ամեն մի օրն սկսում և ավարտում է աղոթքով։ Նա հավատում է, որ Աստված լսում ու տեսնում է ամեն ինչ և չի կարող իր տանջված ժողովրդին մենակ թողնել։ Տիկին Ռիտան ապրում է հույսով, որ մի գեղեցիկ օրը կկատարվի արցախցիների երազանքը:

Ռիտա Մարտիրոսյանն Արցախից տեղահանվել է 2023-ի սեպտեմբերի վերջին։

Նա խոսում է այն դժվարությունների մասին, որոնց բախվում են արցախցիները

-62 տարեկան եմ։ Ոչ թոշակառու եմ, ոչ էլ կարող եմ աշխատանք գտնել, քանի որ առողջական լուրջ խնդիրներ ունեմ։ Գիտեմ՝ ինձ նման հարյուրավոր տեղահանված արցախցիներ կան, որոնք կանգնած են նույն խնդրի առաջ։ Արցախցիներին տրվող աջակցությունների դադարեցումից հետո մեր վիճակը շատ է վատացել։ Ես ունեմ երեք դուստր և ստիպված եմ ապրել նրանց մոտ՝ պարբերաբար փոխելով բնակությանս տեղը, քանի որ այլընտրանք չունեմ։ Մեկ հոգով չես կարող տուն վարձակալել ու ապրել։ Իսկ ի՞նչ ասեն այն մարդիկ, ովքեր ճակատագրի բերումով բոլորովին միայնակ են, զավակներ չունեն ու ստիպված ապրում են բարեկամների հետ, ինչը, սակայն, չի կարող երկար ձգվել։ Մի քանի անգամ դիմել եմ հրատապ աջակցությունից օգտվելու համար, սակայն միշտ մերժվել է դիմումս։ Պարզաբանությունը նույնն է, ինչպես շատ-շատերինը՝ բնակչության ռեգիստրում բացակայում են ձեր տվյալները:

Ստացվում է այնպես, որ 62 տարեկան մարդը, ով ոչ մի տեղից աջակցություն չի ստանում, թոշակառու չէ և չունի աշխատանք՝ մատնված է անտերության։ Վերջերս միացել եմ կրտսեր դստերս ընտանիքին, կրկին փորձել ընդգրկվել հրատապ աջակցության ծրագրում։ Այս անգամ պատասխանը դրական էր և իմ աջակցությունը կազմում է 10 հազար դրամ։ Դե արի ու ապրի։

Անցած տարվա սեպտեմբերին առողջությունս հանկարծակի վատացել է։ Սրտի զոնդավորում և հետագա մի շարք հետազոտություններ եմ անցել։ Միայն զոնդավորումն էր անվճար, իսկ մնացած ամեն ինչը վճարովի հիմունքներով է։ Եթե Ռուսաստանում ապրող քրոջս նյութական օգնությունը չլիներ, ապա ես չէի կարող բուժում ստանալ և ամենօրյա դեղորայք գնել։

Իմ շրջապատում շատ կան արցախցիներ, որոնք աշխատում են, սակայն այդ աշխատավարձը միայն բնակվարձերին է հերիքում։ Մարդիկ ստիպված են դիմել բանկերին․ վարկեր են վերցնում, ոսկեղենն են գրավադրում և ընդամենը ժամանակավոր դուրս գալիս ստեղծված ծանր դրությունից։ Իսկ ի՞նչ կլինի հետո, երբ գոյատևելն անգամ անհնարին լինի։

Ճիշտ է, Արցախում ևս դժվարություններ կային, սակայն մենք կարողանում էինք հաղթահարել դրանք, որովհետև մեր տունն ունեինք ու ստիպված չէինք բնակվարձերի մասին մտածել, որոնք այստեղ հասնում են աստղաբաշխական թվերի։ Արցախում ես իմ տունն ու փոքրիկ բանջարանոցն ունեի։ Այդ մի փոքրիկ հողակտորը կերակրում էր մեզ, ինչպես նաև եկամտի աղբյուր էր։ Հիմա մեր վիճակն անելանելի է, իսկ կառավարության խտրական որոշումները՝ անարդար։

Տիկին Ռիտան հիշում է այն տարիները, երբ դժվարությամբ ոտքի էր կանգնեցնում իր երեք անչափահաս երեխաներին  

-Ամուսինս Արցախյան առաջին պատերազմի մասնակից էր։ 1994 թվականի հուլիսի 19-ին, Քարագլուխ կոչվող տարածքում հերթական հանձնարարությունն էր կատարում․ իր հրամանատարի՝ Գագիկ Ավշարյանի հետ էր։ Մեքենան պայթում է հակատանկային ականի վրա։ Ամուսինս վիրավորվում է թոքերի շրջանում, ինչն էլ հետագա ծանր ու անբուժելի հիվանդության պատճառ է դառնում։ 2007 թվականին, 57 տարեկան հասակում նա մահանում է թոքերի քաղցկեղից։ Իմ ուսերին են մնում անչափահաս երեխաներիս միայնակ պահելն ու ոտքի կանգնեցնելը։ Իհարկե, ծանր տարիներ էին, բայց կարողանում էի արժանապատվորեն հաղթահարել բոլոր փորձությունները։ Դուստրերս ստացել են բարձրագույն կրթություն և կազմել իրենց ընտանիքները։ Հպարտանում եմ նրանցով և համոզված եմ, որ նրանք կկարողանան ցանկացած դժվարություն հաղթահարել։ Արցախցու տեսակն է այդպիսին։

Արցախցի կինը նշում է, որ միայն կենցաղային հարցերը չէ, որ այսօր մտահոգում են արցախցիներին

-Մեր ամենակարևոր հարցն Արցախի ժողովրդի հավաքական վերադարձն է և պատմական հայրենիքում անվտանգ ու արժանապատիվ ապրելը։ Մենք երազում ենք վերադառնալ տուն, ապրել մեր հողում և ոչ ոքից ոչինչ չսպասել։ Սակայն հասկանում ենք, որ դեռևս դա հնարավոր չէ, միաժամանակ գիտակցում, որ նաև անհնարին չէ։ Հայաստանը մեր հայրենիքն է, բայց Արցախում է մեր տունն ու տեղը։

Մեր ցավոտ հարցերից է Բաքվում ապօրինաբար պահվող գերիների հարցը։ Ինձ համար շատ ցավալի է, որ հային դատում է մեր դարավոր թշնամին։ Ի՞նչ սպասել նրանից, ով ամբողջ կյանքում երազում է ոչնչացնել հային։

Իմ աղոթքներում ես Աստծուց խնդրում եմ, որ մեր գերիները տուն վերադառնան, անհայտ կորած տղաներից բարի լուրեր լսենք, դեռևս լիարժեք կյանքի չվերադարձած մեր վիրավոր տղաները շուտ ապաքինվեն։ Ուզում եմ, որ իմ ժողովուրդը վերջապես ապրի հանգիստ կայնքով։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ