Հայ ժողովրդի նորագույն պատմության լուսավոր էջերից է Արցախյան շարժումը

  • 17:59 13.02.2026

Հայ ժողովրդի նորագույն պատմության լուսավոր էջերից է Արցախյան շարժումը, որը, վերաճելով ազգային ազատագրական պայքարի, ապացուցեց հայ ժողովրդի՝ իր հայրենիքում ազատ ու անկախ ապրելու անխախտ իրավունքը:

Արցախյան շարժումը համաժողովրդական գործ էր։ Եվ յուրաքանչյուր արցախցի իր հնարավորությունների սահմանում նպաստել է նրա կայացմանն ու զարգացմանը։

Շարժման հաջողության հիմքը 88-ի փետրվարյան համաժողովրդական կամարտահայտության մեծ դրսևորումն էր։ Արցախահայությունը բռունցքված էր, միակամ ու վճռական։

Սվետլանա Ասրյանը վերհիշում է, հպարտանում հաղթանակներով, ցավ ապրում Արցախի կորստի համար

-Փետրվար ամիսը միշտ ընկալել ենք հպարտությամբ։ Մեր համազգային, մաքրամաքուր զարթոնքն սկսվեց փետրվարից, և այն սկսվեց մեծ խանդավառությամբ, քանի որ ցանկանում էինք մնալ հայ, մեր արմատներին կառչած, Արցախի հող ու ջրին ձուլված։ 88-ին մի ընդհանուր, ընդհատակյա ուրախություն էր թևածում։

Այն ժամանակ ես աշխատում էի Ասկերանի շրջանային ժողկրթբաժնում։ Բոլորս զգում էինք շատ կարևոր, հեղափոխական քայլերի անհրաժեշտությունը, հայ մնալու կարևորությունը։ Արդեն սկսվել էին գաղտնի հանդիպումները, նախապատրաստական աշխատանքներ էին տարվում, ինչը հետագայում, իհարկե, ի հայտ եկան։

Տարիների հեռվից հիշում եմ մեր համերկրացիների վճռականության, համարձակության դրսևորումները։ Մեր շրջանի ղեկավար Վաչագան Գրիգորյանի անունը պետք է ոսկե տառերով գրվի շարժման պատմության մեջ։ Նա, առողջական խնդիրներով հանդերձ, չէր դադարում գործել երկու ճակատով՝ գիշերն ընդհատակյա ընկերների հետ, իսկ ցերեկը մարզի ղեկավարությանն էր համոզում, որ ամեն ինչ նորմալ է։

Հայրենասերների մեծ խումբ՝ ի դեմս Արցախյան շարժման Ասկերանի նախաձեռնող խմբի ղեկավար Սլավիկ Առուշանյանի, առաջամարտիկներ Կոմիտաս Դանիելյանի, Սլավիկ Միրզոյանի և շատ-շատերի (ներողություն եմ խնդրում անուները չշեշտելու համար), շրջանի ղեկավարի հուսալի հենարանն էր։

Երբ արդեն Շարժումը դուրս եկավ ընդհատակից, մեր շրջանի բնակչությունը դարձավ նրա ակտիվ մասնակիցը։ Մեր առօրյան լցվեց շարժմանն ինչ-որ ձևով օգնելու մոլուցքով․ ստորագրահավաքներ, հանդիպումներ, միտինգներ․․․

Իհարկե, արցախցիներիս համար շատ դժվար ժամանակներ սկսվեցին․ ճնշումներ, հորդորներ, խոստումներ, իսկ հետո հարձակումներ։ Բայց մենք չընկճվեցինք, ընդհակառակը՝ ուժ հավաքեցինք, դիմացանք ու հաղթանակ կերտեցինք։ Մեզ չվախեցրեց ու չկոտրեց անգամ այն, երբ փետրվարի 22-ին թշնամու զինված խառնամբոխը փորձում էր հարձակվել Ասկերանի վրա ու հասնել մինչև Ստեփանակերտ։

Այդ օրը ասկերանցիներն ու հարակից բնակավայրերի բնակիչները կարողացան արժանի հակահարված հասցնել թշնամուն և հետագա հաղթանակների հիմքը դնել:

Ասկերանն Արցախի այն բնակավայրն է, որն առաջինն է ենթարկվել Ադրբեջանի ագրեսիային և պատահական չէր, որ ղարաբաղյան շարժման և դրան հաջորդած ազգային-ազատագրական պայքարի ողջ ընթացքում Ասկերանն իր ռազմավարական դիրքով ու նշանակությամբ միշտ մնաց որպես բերդ-ամրոց՝ երբեք չնահանջելով իր դիրքից։ Միշտ մնաց մայրաքաղաք Ստեփանակերտի դարպասը։

Մեր հաղթանակն ու պատմությունը կերտվեց մեր ժողովրդի ու կիրթ առաջնորդների միջոցով։ 88-ի ազգային-ազատագրական զարթոնքը, խորհրդային ու ադրբեջանական իշխանությունների դեմ մղվող անհավասար գոյակռիվը, ազգային համերաշխությունն ու համախմբվածությունը հանգեցրեցին Արցախի ազատագրմանն ու հայրենիքի այդ հատվածում անկախ պետականության հռչակմանը:

Ցավոք, արդարության վերականգնման և մարդու իրավունքների համար պայքարը հեշտ չտրվեց: Բազում հայրենասերներ զոհվեցին հանուն մեծ գաղափարի։ Փա՜ռք բոլորին։

Չեմ ուզում զուգահեռներ անցկացնել այն ժամանակների և այսօրվա միջև։ Հաղթանակած հայից, ցավոք, մանկուրտ է մնացել։ Բայց ես հավատում եմ, որ կզարթնի իմ ազգը։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ