
«Ռուսաստանը հայտարարել է, որ խոչընդոտ չի հարուցի մեր տարածաշրջանային նախագծերի վերաբերյալ եւ սրա մասին ես խոսել եմ ՌԴ նախագահի հետ, նա աջակից է այս բոլոր ծրագրերին։ Խնդիրն այն է, որ մի շարք երկրներում ավելի ծանրակշիռ է դառնում այն կարծիքը, որ Նախիջեւանից հետո պետք չի Հայաստանով շարունակել, քանի որ երկաթուղին գտնվում է Ռուսաստանի կառավարման ներքո։ Կողմնակիցներն ասում են, որ Հայաստանը պետք է շրջանցենք ու հիմա մենք փաստորեն դիրքերի կորուստ ենք ունենում։ Ռուսաստանի դեմ ոչինչ չունենք, բայց լավ կլինի, որ երկաթուղու կառավարումը գնի մեր ու ՌԴ-ի հետ բարեկամ որևէ երկիր, սա տարբերակ է, որը պետք է քննարկել»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։
Փաստորեն, Փաշինյանը Ռուսաստանին առաջարկում է վաճառել Հայկական երկաթուղիների կառավարումը։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի կոնցեսիան մինչև 2038 թ․ է։
Մինչդեռ Հայաստանի կառավարությունը շարունակում է աշխատանքը ռուսական կողմի գործընկերների հետ, մասնավորապես առաջին հերթին երկաթուղու Երասխի և Ախուրիկի հատվածում իրենց ներգրավվածությամբ աշխատանքներ իրականացնելու համար։ Այս մասին նշեց ՏՄԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկը նախօրեին հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է քննարկել այդ հատվածների վերանորոգումը։
Սակայն Փաշինյանի հայտարարությունը հաստատում է, որ ռուսական կառավարումը ընդհանրապես անցանկալի չէ։ Արդյո՞ք Փաշինյանն այդ հայտարարությամբ ուզում է ռուսական կողմի վրա բարդել այն, որ Թրամփի ճանապարհը Հայաստանից բացարձակ անջատ է լինելու, և ոչ մի ապաշրջափակում չի լինելու։
Մոսկվան ըստ “սցենարի” պետք է հրաժարվեր նշված հատվածների վերանորոգումից, և այդ դեպքում Փաշինյանը “կբացատրեր”, թե ինչու Բաքուն և Անկարան հրաժարվում են օգտվել Հայաստանի ճանապարհներից։ Բայց հիմա, երբ Ռուսաստանը պատրաստակամ է, դժվար է խոստովանել, որ Թրամփի ճանապարհի իմաստն ի սկզբանե ապաշրջափակումը չէ, այլ հայ-իրանական սահմանի խուլ փակումը, ինչին Ռուսաստանը ուզում էր հասել դեռ 2020 թ, նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետով։