Գերմանիայի հզորացումը ասոցիացիաներ է առաջացնում, բայց ի՞նչ պետք է անի Եվրոպան

  • 12:13 14.02.2026

Կանոնների վրա հիմնված միջազգային կարգը անցյալում է։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ուրբաթ՝ փետրվարի 13-ին, Մյունխենի 62-րդ անվտանգության համաժողովում (MSC):

Ֆրիդրիխ Մերցը հիշեցրել է, որ համաժողովն անցկացվում է «Կործանման ներքո» մռայլ կարգախոսով։ «Մենք կրկին անցել ենք մի դարաշրջանի շեմը, որը բացահայտորեն բնութագրվում է ուժի կիրառմամբ և մեծ տերությունների քաղաքականությամբ», – նշել է Գերմանիայի կանցլերը։

«Ազատության պաշտպանությունը կպահանջի հաստատակամություն և կամքի ուժ», – հավելել է կանցլերը։ «Դա կպահանջի, որ մենք պատրաստ լինենք փոփոխությունների, ձևափոխությունների և, այո, նույնիսկ զոհաբերությունների։ Եվ ոչ թե մի օր, այլ հենց հիմա», – նշել է նա։

Ռուսաստանի ՀՆԱ-ն կազմում է մոտավորապես 2 տրիլիոն եվրո, մինչդեռ ԵՄ-ինը գրեթե 10 անգամ ավելի մեծ է, հիշեցրել է Մերցը։ ​​«Բայց Եվրոպան 10 անգամ ավելի ուժեղ չէ, քան Ռուսաստանը։ Մեր ռազմական, քաղաքական, տնտեսական և տեխնոլոգիական ներուժը հսկայական է։ Բայց մենք այն դեռևս լիովին չենք իրացրել», – ասել է նա։

Գերմանիայի կանցլերը, դիմելով համաժողովի մասնակիցներին, հաստատեց, որ ինքը կապ է պահպանում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ միջուկային զսպման հարցի շուրջ՝ Եվրոպայում անվտանգության հետ կապված իր պարտավորությունները կատարելու ԱՄՆ-ի պատրաստակամության վերաբերյալ մտահոգությունների աճի ֆոնին։

«Հիմա ուժեղ Եվրոպայի ժամանակն է», – Մյունխենի համաժողովում ասել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։ «Եվրոպան պետք է սովորի լինել աշխարհաքաղաքական ուժ։ Դա մեր ԴՆԹ-ի մաս չէր կազմում»։

Ավելի վաղ Foreign Affairs-ը հաղորդել էր, որ Գերմանիան, իր ռազմական հզորությունը զարգացնելով, կարող է դառնալ Եվրոպայի հաջորդ հեգեմոնը։ Այսօր Գերմանիայի ռազմական բյուջեն աշխարհում չորրորդն է։ Երկրի տարեկան ռազմական ծախսերը, կանխատեսումների համաձայն, 2029 թվականին կհասնեն 189 միլիարդ դոլարի, ինչը 2022 թվականի ցուցանիշից ավելի քան երեք անգամ գերազանցում է։

Սա ասոցիացիաներ է առաջացնում ինչպես Առաջին, այնպես էլ Երկրորդ համաշխարհային պատերազմների բռնկման հետ, որոնք նույնպես սկսվել են Գերմանիայի վերելքով։

Ռուսաստանի շուրջ լարվածության աճի և Դոնալդ Թրամփի վարչակազմի նախաձեռնողական արտաքին քաղաքականության ֆոնին, Միացյալ Նահանգների և առաջատար եվրոպական երկրների բնակիչները ավելի ու ավելի են կարծում, որ աշխարհը գնում է դեպի նոր խոշոր հակամարտություն: Politico-ի պատվերով անցկացված հարցման համաձայն՝ Միացյալ Նահանգներում, Կանադայում, Միացյալ Թագավորությունում, Գերմանիայում և Ֆրանսիայում Երրորդ համաշխարհային պատերազմի հավանականությունն ավելի բարձր է գնահատվում, քան կայունության պահպանումը։

Ֆրանսիայում, Գերմանիայում, Միացյալ Թագավորությունում և Կանադայում հարցվածների կեսից ավելին նշել է, որ իրենց երկրները պետք է ավելացնեն պաշտպանական ծախսերը։