1988-ի փետրվարի 13-ի իրադարձությունները՝ Շարժման լեգիտիմացման սկիզբ

  • 12:30 14.02.2026

ԿԱՃԱՌ Գիտական Կենտրոն

1988 թ. փետրվարի 13-ի ցույցը Ստեփանակերտում․ քաղաքական գործընթացի հանրային փուլը

Արցախյան շարժման ակտիվիստներից և քաղաքական վերլուծաբաններից Մանվել Սարգսյանը, հետադարձ հայացքով անդրադառնալով 1980-ականների վերջի իրադարձություններին, դրանք դիտարկել է ոչ թե զուտ ներքաղաքական, այլ համաշխարհային համակարգային վերափոխումների համատեքստում։ Նրա մեկնաբանությամբ՝ 1988 թ․ շարժումը պետք է հասկանալ որպես «հին համաշխարհային կարգի» ապամոնտաժման և նոր սուբյեկտների առաջացման գործընթացի տեղային արտահայտություն։ Խորհրդային վերակառուցումը՝ պերեստրոյկան, ըստ նրա, ստեղծեց քաղաքական դինամիկա, որի արդյունքում ոչ միայն վերաձևավորվեց խորհրդային քաղաքական դաշտը, այլև ի վերջո փլուզվեց ինքը՝ Խորհրդային Միությունը։ Այդ համատեքստում Ղարաբաղյան շարժումը դիտարկվում է որպես նույն ալիքի բաղադրիչ՝ վերելք ապրող քաղաքական պրոցեսների ներսում ձևավորվող նոր սուբյեկտայնության դրսևորում։

Սարգսյանի գնահատմամբ՝ Ադրբեջանը, ի տարբերություն շարժման կրող կողմի, կառչած էր պահպանողական, ժառանգական քաղաքական տրամաբանությունից։ Նրա ձևակերպմամբ՝ ադրբեջանական պետական կազմավորումը ձևավորվել էր թուրքական ծավալապաշտության և բոլշևիկյան «համաշխարհային հեղափոխության» ծրագրերի համադրությամբ և իր ինստիտուցիոնալ կայունությունը մեծապես պարտական էր խորհրդային համակարգին։ Այսպիսով, ԽՍՀՄ փլուզման հետ միասին խարխլվում էր նաև այդ կառուցվածքի հիմքը։ Թեև այս թեզը ենթակա է գիտական բանավեճի, այն կարևոր է որպես շարժման գաղափարական ինքնավերլուծության օրինակ՝ ցույց տալով, որ գործընթացը ընկալվում էր որպես պատմական պատուհան՝ նոր քաղաքական կարգի ձևավորման հնարավորությամբ։

Սարգսյանի քննադատական դիտարկումներից է նաև այն, որ խորհրդային կայսրության փլուզման և 1980-ականների ժողովրդավարական շարժումների էությունը լիարժեք չի ըմբռնվել հայ հասարակական-քաղաքական և գիտական մտքի կողմից։ Նրա համոզմամբ՝ գործընթացների տրամաբանության չընկալումը հանգեցրել է պաշտպանողական, երբեմն՝ պասիվ կեցվածքի, ինչը պատմականորեն ունեցել է ծանր հետևանքներ։ Այս մոտեցումը ընդգծում է ռազմավարական գիտակցվածության անհրաժեշտությունը․ քաղաքական պայքարում հաղթանակը պայմանավորված է ոչ միայն արդարացի պահանջով, այլև ընթացող համակարգային փոփոխությունների էության ըմբռնմամբ և դրանց ներսում արդյունավետ դիրքավորման կարողությամբ։

Փետրվարի 13-ի ստեփանակերտյան ցույցը հենց այդ տրամաբանության մեջ պետք է դիտարկել որպես շարժման հրապարակային փուլ մտնելու խորհրդանշական կետ։ Եթե մինչ այդ գերակշռում էին պատվիրակությունների, դիմումների և ստորագրահավաքների ձևաչափերը, ապա փետրվարի 13-ից սկսվեց բաց հանրահավաքային դրսևորումը՝ փողոցային քաղաքականության փուլը, որն արդեն ուղղակիորեն մարտահրավեր էր նետում խորհրդային-ադրբեջանական վարչական վերահսկողությանը։

Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման և Հայկական ԽՍՀ-ի հետ վերամիավորման հարցը նախորդ տասնամյակներում բազմիցս բարձրացվել էր, սակայն խորհրդային վարչակարգի պայմաններում այդ ձայները ճնշվել էին, իսկ նախաձեռնողները ենթարկվել էին հետապնդումների։ 1987 թ․ նոյեմբերին և 1988 թ․ հունվարին Արցախից պատվիրակություններ էին մեկնել Մոսկվա՝ խորհրդային կենտրոնական իշխանություններին ներկայացնելու ինքնորոշման պահանջը և հիմնավորելու ԼՂԻՄ-ը Հայկական ԽՍՀ-ին վերամիավորելու անհրաժեշտությունը։ Հետագա զարգացումները, սակայն, 1988 թ․ փետրվարին գործընթացին հաղորդեցին համաժողովրդական բնույթ։

Փետրվարի 13-ից Ստեփանակերտում սկսվեցին բազմահազարանոց հանրահավաքներ՝ հիմնականում Լենինի անվան հրապարակում, որոնք շարունակվեցին մինչև փետրվարի 20-ը և դրանից հետո ևս։ Հանրահավաքային շարժումը դարձավ պայքարի հիմնական ձևը՝ ապահովելով հասարակական մոբիլիզացիայի բարձր աստիճան և քաղաքական օրակարգի մշտական հրապարակայնացում։

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի Կոմկուսի ղեկավարությունը փորձեց իրավիճակը սրել՝ շրջաններից մեծաթիվ մարդկանց Ստեփանակերտ բերելու հնարավորության մասին հայտարարություններով, ինչը կարող էր հանգեցնել միջէթնիկական բախումների։ Տեղական ղեկավարների և ձեռնարկությունների պատասխանատուների կողմից Մոսկվային ուղղված հեռագրերը վկայում են, որ վտանգը գիտակցվում էր և փորձ էր արվում կանխել հնարավոր բռնությունները։

Փետրվարի 13-ի իրադարձություններն արտահայտում էին շարժման հանրային և դիմադրական բնույթը. դրանք կարելի է դիտարկել որպես շարժման հրապարակային լեգիտիմացման սկիզբ:

Լուսանկարը՝ Վալերի Պետրոսյանի