Խորհրդային Հայաստանը ապորինի է ճանաչել Արցախը Ադրբեջանին բռնակցելու որոշումը

  • 21:34 14.02.2026

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՊՕՐԻՆԻ Է ՃԱՆԱՉԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԲՌՆԱԿՑԵԼՈւ ՄԱՍԻՆ 1921 Թ. ՀՈւԼԻՍԻ 5-Ի ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՈՐՈՇՈւՄԸ

36 տարիներ առաջ՝ 1990թ. փետրվարի 13-ին, Խորհրդային Հայաստանն ապօրինի է ճանաչել Լեռնային Արցախը Խորհրդային Ադրբեջանին բռնակցելու մասին Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի նիստում չքննարկված և քվեարկության չդրված, սակայն «ընդունված» որոշումը:

Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը,

  • հաշվի առնելով այն փաստը, որ Արցախը եղել է Հայաստանի անբաժան մասը և երբեք չի պատկանել Ադրբեջանին,
  • ելնելով այն հանգամանքից, որ Լեռնային Արցախի ճակատագիրը որոշվել է ոչ սահմանադրական և իրավասություն չունեցող կուսակցական մարմնի՝ Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի կամայական որոշմամբ,
  • հանդես գալով ԽՍՀՄ կազմավորման պայմանագրով և ԽՍՀՄ Սահմանադրությամբ ամրագրված ազգերի ազատ ինքնորոշման իրավունքի պաշտպանության դիրքերից,
  • հիմք ընդունելով Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի 1920թ. նոյեմբերի 30-ի որոշումը, ըստ որի՝ Խորհրդային Ադրբեջանը, մասնավորաբար, Լեռնային Արցախը ճանաչել է Խորհրդային Հայաստանի մաս, Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովի 1920թ. դեկտեմբերի 1-ի հռչակագիրը, որով Խորհրդային Ադրբեջանը ճանաչել է Լեռնային Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, Խորհրդային Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանի 1921թ. հունիսի 12-ի դեկրետը, որով հայտարարվել է, որ այսուհետ Լեռնային Արցախը հանդիսանում է Խորհրդային Հայաստանի անբաժանելի մասը,

1990թ. փետրվարի 13-ին ընդունել է «ՌԿ(բ)Կ կենտկոմի կովկասյան բյուրոյի 1921 թվականի հուլիսի 5-ի որոշումը անօրինական ճանաչելու մասին» որոշում:

Նշված որոշումը հրապարակվել է «Խորհրդային Հայաստան» թերթի 1990թ. փետրվարի 17-ի համարում:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ