
Առաջին կարգի զինվորական հաշմանդամ, Արցախից տեղահանված Կամո Միրզոյանը կանգնած է մեծ դժվարության առաջ․ ինչպե՞ս ապրել, ի՞նչ է սպասվում նրա երկու հոգանոց ընտանիքին։ Կնոջ հետ ժամանակավոր ապրում է ամուսանցած դստեր տանը, քանի որ չի կարող բնակարան վարձակալել։ 2023 թվականին Արցախից տեղահանվելուց հետո բնակարան էին վարձակալել, սակայն հանգամանքների բերումով ստիպված տեղափոխվել են դստեր տունը։
-Արցախյան առաջին պատերազմի մասնակից եմ։ 20 տարեկանում վիրավորվել եմ Ակնայի մատույցներում, կորցրել ոտքս, ու հենակները դարձել են իմ հավերժ ուղեկիցը։ Թեև ամբողջ կյանքում ապրում եմ խեղված մարմնով, բայց հույսն ու հավատը երբեք չեն լքել ինձ։ Միշտ մտածում էի, որ ապրելու ենք հաղթանակած Արցախում, որի համար այնքան արյուն է թափվել: Արցախյան առաջին պատերազմից հետո ընտանիք եմ կազմել, հաղթահարել մի շարք դժվարություններ, աշխատել տարբեր տեղեր։ Միշտ փորձել եմ անտեսել, որ հաշմանդամ եմ, որպեսզի կարողանամ լիարժեք պահել ընտանիքս։ Եվ ստացվում էր, քանի որ երիտասարդ էի, աշխատելու մեծ էներգիա ունեի, իմ հայրենի հողում էի: Արդեն պատրաստվում էի վայելել իմ ստեղծածը: Սակայն 2023-ի սեպտեմբերին կորցրինք ամեն ինչ և, հայրենիքը լքելու խայտառակությունը մեր սրտում, հեռացանք Արցախից։
Ինչպես բազմաթիվ արցախցի փոքրակազմ ընտանիքներ, մենք կանգած ենք նույն խնդրի առաջ։ Ի վիճակի չենք բնակարան վարձակալել, որովհետև իմ թոշակով և իմ անձին տրվող 30000 դրամ բնակվարձի աջակցությամբ հնարավոր չէ տան վարձավճար ու կոմունալ ծախսեր վճարել և առօրյա ծախսերը հոգալ։ Էլ չեմ ասում, որ վերջին ժամանակաշրջանում առողջական խնդիրներս սկսել են ավելի զգացնել տալ։
Բոլոր տեղահանվածներն էլ գտնվում են ծանր կացության մեջ, բայց հաշմանդամ մարդկանց վիճակն ավելի ծանր ու անելանելի է։ Ոչ առողջություն ունենք, ոչ էլ ի վիճակի ենք աշխատել։ Հավաստագրով չենք կարող բնակարան ձեռք բերել, բանկերից նույնպես չենք կարող օգտվել, հաշվի առնելով մեր կարգավիճակը (տարիքային, աշխատանքի բացակայություն)։
Արցախցիների մի մասը ստիպված բռնել է արտագաղթի ճանապարհը՝ մտածելով, որ ուրիշ երկրներում կկարողանա ոտքի կանգնել։ Սակայն շատերը հետ են վերադառնում, որովհետև օտար հողը քոնը չէ, այնտեղ դու չես կարող լիարժեք ապրել։
Ես ցանկանում եմ Հայաստանում ապրել։ Այստեղ մեր հողն է, այստեղ մարդիկ հայերեն են խոսում, ու դու քեզ լավ ես զգում։ Միաժամանակ տեղահանված արցախցին զգում է աջակցության կարիք․ լինի դա հոգեբանական, թե՛ նյութական։ Քանի դեռ մենք անտուն ենք, ուրեմն ունենք աջակցության կարիք։ Արցախցին աշխատող, ստեղծող տեսակ է և սովոր է ապրել արժանապատվորեն։ Մեր անտուն լինելն ու վարձով ապրելը նեղում է մեզ։
Ես և կինս մշտապես չենք կարող ապրել աղջկաս տանը, քանի որ բնակարանը 2 սենյականոց է, որտեղ այս պահին ապրում ենք 8 հոգով։ Թեև քո հարազատի տանն ես, որտեղ քեզ գրկաբաց են ընդունում, բայց միևնույն է՝ անհարմարության զգացումը երբեք չի լքում քեզ։
Արցախ վերադարձի հույսն ու հավատն է ուժ տալիս մեզ։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ