ԶԼՄ. ԱՄՆ-ն պատրաստ է այս շաբաթ օրը հարվածել Իրանին

  • 09:09 19.02.2026

ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են հարվածել Իրանին այս շաբաթ՝ փետրվարի 21-ին, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս վերջնական որոշում չի կայացրել, հաղորդում է CBS News-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Հաջորդ երեք օրերի ընթացքում Պենտագոնը ժամանակավորապես որոշ զորքեր կտեղափոխի Մերձավոր Արևելքից՝ հիմնականում Եվրոպա կամ հետ՝ ԱՄՆ։ Սա վկայում է ռազմական գործողության նախապատրաստման մասին, բայց չի նշանակում, որ այն անխուսափելի է, նշել է մի աղբյուր։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ կան «շատ պատճառներ և փաստարկներ Իրանին հարվածելու համար», սակայն դիվանագիտությունը միշտ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին ընտրությունն է։

Իրանին ԱՄՆ-ի նոր հարվածը կունենա բացասական հետևանքներ։ Անցյալ ամռանը Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածները արդեն իսկ ստեղծել էին միջուկային միջադեպի վտանգ, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Ալ Արաբիա»-ին տված հարցազրույցում։

Լավրովը, հղում անելով Իրանի իշխանություններին, ներկայիս իրավիճակը բնութագրել է որպես «քիչ թե շատ  նորմալ»։ Նա հավելել է, որ միջուկային օբյեկտների վրա հարվածները ստիպել են իրանցիներին պաշտպանել միջուկային նյութերը ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության տակ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը պատրաստ է Ռուսաստան փոխանցել հարստացված ուրան, որը բավարար է 12 ռումբ ստեղծելու համար։