Ալիևի արկածնրը Վաշինգտոնում

  • 10:04 20.02.2026

Իլհամ Ալիևի անվտանգության աշխատակիցները բռնի կերպով ցրել են Վաշինգտոնում ադրբեջանական բողոքի ցույցը։ Ալիևի ռեժիմի դեմ ցուցարարների ծեծի տեսագրությունը տարածվել է ընդդիմադիր «Ազադլիգ» թերթի Ֆեյսբուքյան էջում։

Սակայն սա Ալիևի միակ արկածը չէր Վաշինգտոնում։ Այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը «Խաղաղության խորհրդի» առաջին նիստում հայտարարեց, որ ինը երկրներ, այդ թվում՝ Ադրբեջանը, համաձայնել են 7 միլիարդ դոլար նվիրաբերել Գազայի վերականգնման հիմնադրամին, Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը «պարզաբանեց», որ Ադրբեջանը որևէ բան նվիրաբերելու մտադրություն չունի։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը կարող է ապագայում քննարկել «Խաղաղության խորհրդի» շրջանակներում Գազայում ներդրումային նախագծերին մասնակցելու հնարավորությունը։ «Այնուամենայնիվ, մենք կցանկանայինք պարզաբանել․ Ադրբեջանի մասնակցությունը «Խաղաղության խորհրդի» այսօրվա նիստում հայտարարված Գազայի համար նախատեսված 7 միլիարդ դոլարի ֆինանսական նախագծին չի նախատեսվում», – գրել է Հաջիևը X սոցիալական ցանցում։

Դրանից մեծ աղմուկ չբարձրացրին. Թրամփը պարզապես ասաց, որ վերջապես սովորել է արտասանել «Ադրբեջան» բառը։ Նա կրկին ստիպեց Ալիևին և Փաշինյանին հրապարակավ ձեռք սեղմել՝ հիշեցնելով նրանց, որ ինքն է դադարեցրել է 30-ամյա պատերազմը։

Սակայն Թրամփը չհիշատակեց 907-րդ բանաձևի չեղարկելու մտադրության մասին, որն արգելում է ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Ադրբեջանին՝ մինչև «Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ ագրեսիայի դադարեցումը»։ Ալիևի օգնականը նախկինում ասել է, որ դա կարևոր քայլ կդիտվի։

Թրամփը նաև չներկայացնեց Նախիջևանը որպես Ադրբեջանի մաս ճանաչող որևէ փաստաթուղթ, չնայած որ փոխնախագահ Վենսը վստահեցնում էր, թե «Թրամփի ճանապարհը կվերամիավորի Ադրբեջանի երկու մասերը»։

Միևնույն ժամանակ, նախորդ օրը նույն Հիմքեթ Հաջիևը փաստացի խոստովանեց, որ Ադրբեջանը Բաքվում բեմադրել է «Նյուրնբերգյան դատավարություն» Հայաստանի և Արցախի հանդեպ, քանի որ չի կարող դիմել միջազգային դատարաններ «երկակի ստանդարտների» պատճառով։ Այդպիսով Ալիևի օգնականը խոստովանեց, որ Բաքվի Արցախյան գործը դատապարտված է ձախողման ցանկացած միջազգային դատարաններում։