Արցախ, Գազա, Դոնբաս. «զորքերի դուրսբերումը» նշանակում է բնիկ ժողովուրդների վտարում

  • 09:11 21.02.2026

ԱՄՆ-ն, ինչպես և Ռուսաստանը, պահանջում է ուկրաինական ուժերի դուրսբերումը Դոնբասից, AFP-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ամերիկացիներն ու ռուսներն ասում են, որ եթե դուք ուզում եք, որ պատերազմը վաղը ավարտվի, ապա պետք է լքեք Դոնբասը», – հայտարարել է Ուկրաինայի նախագահը (RFI-ի մեջբերումը)։

Խոսքը վերաբերում է ուկրաինական զորքերի դուրսբերմանը Դոնբասի այն քաղաքներից, որոնք մնում են Ուկրաինայի վերահսկողության տակ։

«Զորքերի դուրսբերումը» նշանակում է, որ ուկրաինացիները կլքեն իրենց տները, որոնք կհանձնվեն Ռուսաստանին։ Ճիշտ այնպես, ինչպես, ըստ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության, հայկական զորքերը դուրս են եկել Արցախից, որտեղ մտել էին ռուսական օկուպացիոն ուժերը։ Երեք տարի անց Ռուսաստանը Ղարաբաղը հանձնեց Ադրբեջանին և “անվտանգությունից ելնելով” պարզապես վտարեց բնիկ հայ բնակչությանը։

Ուկրաինայի ղեկավարությունն այն ժամանակ հավանություն տվեց Ռուսաստանի քաղաքականությանը և շնորհավորեց ցեղասպան Ադրբեջանին «տարածքային ամբողջականության վերականգնման» կապակցությամբ, թեկուզ 150,000 մարդ զրկվեց հազարամյա հայրենիքից։ Այժմ Ուկրաինայի ղեկավարությունը բողոքում է, որ Ռուսաստանը նույնն է անում Դոնբասում։

«Настоящее время»-ի լրագրողները հարցում են անցկացրել Դոնվասի Սլավյանսկի և Կրամատորսկի բնակիչների շրջանում՝ հարցնելով նրանց «չեզոք տարածքի» գաղափարի նկատմամբ իրենց վերաբերմունքի մասին, որը փաստացի նշանակում է ուկրաինական զորքերի դուրսբերում: Ըստ հարցման՝ մարդիկ հոգնել են պատերազմից, բայց պատրաստ չեն ընդունել ռուսական օկուպացիոն ծրագրի հիմքում ընկած բանաձևերը։

Դրուժկովկայում, որը մնում է Ուկրաինայի վերահսկողության տակ, տարհանումները ինտենսիվանում են: Քաղաքից տարհանվում են երեխաներ և տարեցներ: Ուկրաինայի ոստիկանությունը հաստատում է, որ հարյուրավոր մարդիկ ստիպված են լքել վտանգավոր տարածքները: Մարդիկ արցունքն աչքերին իրենց իրերը բեռնում են մեքենաների մեջ՝ հույս ունենալով մի օր վերադառնալ տուն:

Նմանատիպ իրավիճակ է այժմ նաև Գազայի հատվածում, որի վերականգնման համար Թրամփը ստեղծել է Խաղաղության խորհուրդը և նույնիսկ հավաքել մի քանի միլիարդ դոլար: Սակայն, վերակառուցման համար վերադարձած պաղեստինցիները պետք է լքեն իրենց տները, որոնց մեծ մասը վերածվել է ավերակների:

Սակայն Համասը պնդում է, որ Գազայի վերաբերյալ ցանկացած քննարկում պետք է սկսվի Իսրայելի «ագրեսիայի» լիակատար դադարեցմամբ: Նրանք ընդգծեցին, որ շրջափակումը պետք է վերացվի, և ժողովրդի օրինական ազգային իրավունքները, մասնավորապես՝ ազատության և ինքնորոշման իրավունքը, պետք է երաշխավորվեն։

Ի՞նչն է փոխարինել միջազգային իրավունքին, որտեղ ազատությունն ու ինքնորոշումը գոնե ձևականորեն «կանխում» էին իշխանություն ունեցողներին բաժանել աշխարհը։