
Եվրամիության ներկայացուցիչները աշխատանքային այցով եղել են Հայաստանում՝ գնահատելու Հայաստան-ԵՄ նոր ռազմավարական օրակարգի մշակման առաջընթացը՝ հանձնակատար Մարտա Կոսի մարտի 19-20-ին նախատեսված այցի և Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովի նախաշեմին։ Այս մասին հայտնում է The Brussels Times-ը։
ԵՄ-ն վերահաստատել է երկրին 202,5 միլիոն եվրոյի օժանդակության փաթեթ տրամադրելու հանձնառությունը։
Ըստ հայտարարության, բանակցությունները կենտրոնացած են եղել տրանսպորտի, էներգետիկայի և թվային ոլորտներում տարածաշրջանային փոխկապակցվածության բարելավման վրա։ Քննարկումների ընթացքում աջակցություն է հայտնվել հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ միջտարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման ԵՄ ծրագրին զուգահեռ, չորեքշաբթի հայտնել է Եվրոպական հանձնաժողովը։
202,5 միլիոն եվրոյի վճարման մասին Կոսն ավելի վաղ հայտարարել էր 2025 թվականի սեպտեմբերին կատարած այցի ժամանակ։
Ռազմավարական օրակարգը հիմնված է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) վրա, որը կարգավորում է կողմերի միջև համագործակցությունը:
ԵՄ ներկայացուցիչները նաև վերահաստատել են աջակցությունը Հայաստանի «ժողովրդավարական դիմակայունությանը», ներառյալ առաջիկա ընտրական գործընթացի ամբողջականության պաշտպանությանը։