Մինչև 2020 թվականի պատերազմը Արցախում տուն էի կառուցում, իմ ընտանիքի տունը, իմ երեխաների ապագան։
Պատերազմը խլեց իմ տունը, 2023 թվականի բռնի տեղահանումը ինձ դարձրեց փախստական։
Կորցրեցի հայրենիքս, տունս, ապագայի ծրագրերս։
Պետությունը հայտարարեց արցախցիների աջակցության վերաբերյալ և ընդունվեց կառավարության 28.12.2023թ. N 2326-Ն որոշումը՝ Արցախում տրամադրված վարկերի բեռը թեթևացնելու համար։
Իմ վարկի մի մասը ճանաչվեց զիջման ենթակա, մյուս (առավել մեծ) մասը՝ ոչ։ Պատճառաբանությունը՝ լրացուցիչ գրավի առկայություն ՀՀ-ում։ Արդյունքում այսօր իմ բնակարանը Հայաստանում (վերջին տանիքը) կանգնած է բռնագանձման վտանգի առաջ։
Ես 10 տարուց ավել աշխատել եմ այդ նույն բանկում, այդ թվում 2020 թվականի պատերազմի ամենաթեժ օրերին։ Շարունակել եմ կատարել իմ աշխատանքը այն ժամանակ, երբ երկիրը ապրում էր իր պատմության ամենածանր փուլերից մեկը։
Եվ երբ պատերազմի օրերին աշխատում էի տվյալ բանկում՝ դժվարին պահին սպասարկելով կազմակերպության շահերը, չէի պատկերացնում, որ մի օր ստիպված կլինեմ պայքարել նույն բանկի դեմ՝ վերջին տանիքս չկորցնելու համար։
Հայտնի է, որ բանկը կապվում է ՀՀ ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանի և նրա ընտանիքի հետ։
Մի՞թե այդ փաստը առավել բարձր պատասխանատվություն չի ենթադրում՝ հատկապես պատերազմից և բռնի տեղահանությունից տուժած մարդկանց նկատմամբ։
Այսօր ստեղծվել է իրավիճակ, երբ պետական սոցիալական որոշման սահմանափակ մեկնաբանությունը կամ դրա տարընթերցումը կարող է հանգեցնել իմ վերջին տանիքի կորստին։
Ֆինանսական համակարգը գործում է վստահության վրա։
Իմ պատկերացմամբ բանկերի հեղինակությունը կառուցվում է ոչ միայն ֆինանսական ցուցանիշներով, այլ նաև սոցիալական պատասխանատվությամբ, հատկապես ճգնաժամային ժամանակաշրջաններում։
Երբ պատերազմի և բռնի տեղահանության զոհ դարձած անձի նկատմամբ կիրառվում է նեղ մեկնաբանություն, առաջանում է հարց. արդյո՞ք սոցիալական պատասխանատվությունը իրական արժեք է, թե՞ ուղակի <<տպավորիչ>> ձևակերպում։
Այս հարցը կարող է ազդել ոչ միայն մեկ գործի, այլ նաև հանրային վստահության, բանկի հեղինակության և իմիջի վրա։
Ժամանակակից աշխարհում ռեպուտացիայի կորստի ռիսկը հաճախ ավելի զգայուն է, քան ֆինանսական ռիսկը։
Ի վերջո վստահությունը կորցնելը հեշտ է, վերականգնելը՝ տարիներ է պահանջում
Այժմ սույն հրապարակյին գրությամբ դիմում եմ
@Արցախցիների ինտեգրման հարցերով զբաղվող պատգամավորներ (եթե կան այդպիսիք)
Խնդրում եմ՝
տալ հստակ դիրքորոշում,
ապահովել ՀՀ կառավարության վերոնշյալ որոշման կիրառումն ըստ դրա իրական նպատակային տրամաբանության,
բացառել գույքի հնարավոր բռնագանձման գործընթացը՝ մինչև հարցի վերջնական լուծումը։
Եվ եթե հարցը չստանա արդար լուծում, ես կդիմեմ դատական ատյաններ և անհրաժեշտության դեպքում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Բայց ամենակարևորը՝
հանրությունը պետք է իմանա, թե ինչպես են կիրառվում պետական սոցիալական որոշումները պատերազմից և տեղահանությունից տուժածների նկատմամբ։
Եթե կարծում եք, որ այս հարցը կարևոր է ոչ միայն իմ համար, խնդրում եմ կիսվել այս գրառումով։
Հանրային քննարկումը երբեմն ավելի ուժեղ է, քան ցանկացած իրավական գործընթաց։