Մեքսիկայում անկարգություններ են սկսվել նարկոբռոնի սպանությունից հետո

  • 08:17 23.02.2026

Մեքսիկայի զինված ուժերի հատուկ գործողության արդյունքում սպանվեց Նեմեսիո Օսեգերա Սերվանտեսը՝ երկրի ամենամեծ թմրավաճառական կարտելներից մեկի առաջնորդը, որն ավելի հայտնի է որպես «Էլ Մենչո»։ Մեքսիկայի կառավարությունը այս մասին հայտարարեց կիրակի՝ փետրվարի 22-ին։

«Էլ Մենչոն» տարիներ շարունակ ղեկավարել է Խալիսկո Նոր Սերունդ (CJNG) կարտելը և ձեռք է բերել երկրի ամենադաժան հանցագործներից մեկի համբավ։ Վաշինգտոնում Մեքսիկայի դեսպանատունը հայտնել է, որ ռազմական գործողության համար լրացուցիչ տեղեկություններ է տրամադրել Միացյալ Նահանգները։

Ըստ The New York Times-ի՝ անկարգություններ են բռնկվել առնվազն հինգ մեքսիկական նահանգներում, այդ թվում՝ Խալիսկոյում։ Տեղի բնակիչները և տարածաշրջանային իշխանությունները հայտնում են մեքենաների հրկիզման և փողոցների շրջափակման մասին, որը թմրավաճառական կարտելների տարածված մարտավարություն է։

Խալիսկո նահանգում հայտարարվել է արտակարգ դրություն։ Որոշ շրջաններում դադարեցվել է հասարակական տրանսպորտի գործունեությունը, և բնակիչներին խորհուրդ է տրվել մնալ տանը։

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուն Էլ Մենչոյի վերացումը անվանել է «մեծ իրադարձություն Մեքսիկայի, Միացյալ Նահանգների, Լատինական Ամերիկայի և ամբողջ աշխարհի համար»։