
Արցախից տեղահանված մեր հայրենակիցների վիճակն օրեցոր վատթարանում է։ Այդ են վկայում սոցիալական ցանցերում արվող բազմաթիվ մեկնաբանությունները, որտեղ երևում են, որ մարդիկ հուսահատ և հուսախաբ են։
Ստեփանակերտ քաղաքից տեղահանված, երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող կնոջ երկու հոգանոց ընտանիքը հուսահատության մեջ է։ Տիկին Արեգան ու որդին ստիպված ապրում են քրոջ բազմանդամ ընտանիքի հետ։
Նրանք չեն պատկերացնում, թե ինչպես է լուծվելու իրենց կարգավիճակն ունեցող մարդկանց ճակատագրերը։
– Որդուս հետ, ով մանկուց տառապում է անբուժելի հիվանդությամբ, բնակություն ենք հաստատել քրոջս տանը։ ՀՀ կառավարության կողմից արցախցիներին տրվող աջակցության ծրագրի փոփոխությունից հետո մենք զրկվեցինք բնակվարձի աջակցությունից և ստիպված տեղափոխվեցինք քրոջս ընտանիքի հետ ապրելու (թե մինչև երբ, չգիտեմ), քանի որ ի վիճակի չէինք տան վարձավճարներն ու կոմունալ ծախսերը վճարել։ Որպես զոհվածի այրի՝ ստանում եմ 30000 դրամ պարգևավճար։ Իմ և որդուս հաշմանդամության թոշակները կազմում են 43500 և 36000 դրամ գումար։ Կարելի է ասել, այդ գումարը հերիքում է միայն մեր դեղորայքին։ Այդպես էլ մենք չընդգրկվեցինք հրատապ աջակցության ծրագրի մեջ։ Հիմա ես չեմ հասկանում՝ մենք խոցելի խո՞ւմբ ենք, թե՞ ոչ։ Մեր առողջական խնդիրները չեն ներում, որ աշխատենք։
Իմ և որդուս ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացն ընթացքի մեջ է, սակայն չեմ կարծում, որ կկարողանանք հավաստագրով բնակարան ձեռք բերել։
Մեր կարգավիճակում գտնվող ընտանիքները շատ-շատ են, և ես ոչ միայն իմ անունից եմ բարձրացնում այս հարցը։ Մի՞թե հնարավոր չէ գոնե սոցիալական բնակարաններ տրամադրել, քանի որ բնակապահովման ծրագրով փոքրակազմ ընտանիքների համար տուն ձեռք բերելն անհնարին է։ Կամ էլ, առանց խտրականության, բոլոր արցախցիներին ընդգրկեն բնակվարձերի աջակցության ծրագրի մեջ։ Չափազանց ծանր է, երբ սոցիալական ցանցերում հանդիպում եմ մեր հայրենակիցների ծանր վիճակը փաստող նյութերի։ Մարդիկ ստիպված են ապրել փայտե կամ երկաթե տնակներում, որոնք զուրկ են ամենատարրական հարմարությունից։ Շատերին անձամբ ճանաչում և ցավ եմ ապրում, երբ մտաբերում եմ, թե ինչպես էին նրանք ապրում Արցախում։ Իսկ այսօր հայտնվել են ահավոր վիճակում, ապագան էլ բոլորովին չի երևում։
Մենք բնավ օգնություն չենք մուրում։ Պարզապես ես ցանկանում եմ իմանալ, թե ինչպե՞ս են լուծվելու մեր կարգավիճակն ունեցող մարդկանց խնդիրները, ի՞նչ պետք է անեն այն մարդիկ, ովքեր ի վիճակի չեն տուն գնել։ Արդյո՞ք հերթով չեն հայտնվի դրսերում,-ասում է հուսալքված կինը և ավելացնում, որ արդեն քանի տարի է, ինչ պրոտեզավորված է նրա ողնաշարը, իսկ որդին հազվագյուտ հիվանդությամբ տառապում է դեռևս Արցախյան առաջին պատերազմի տարիներից։
Տիկին Արեգան ասում է, որ տեղահանությունից հետո Երևան քաղաքում հաստատվել են ստիպված, որովհետև հիվանդանոցները նրանց կյանքի անբաժան մասն են կազմում, իսկ մարզերից Երևան հասնելն այնքան էլ հեշտ չէ, առանձնապես, երբ հիվանդանոց վայրկյան առաջ հասնելը երբեմն կենաց ու մահու խնդիր է։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ