Ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակները կբարձրանան` մինչև 10 հազ․ դրամ

  • 10:15 25.02.2026

Ընտրություններից մի քանի ամիս առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է՝ ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակները կբարձրանան: Սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութում նա նշել է, որ համեմատաբար ցածր թոշակները կբարձրանան 10 հազար դրամով, համեմատաբար բարձր թոշակները՝ ավելի քիչ:

Մանրամասն հաշվարկներ վարչապետը չի հայտնել՝ շեշտելով, որ սրա մեջ ներառված չէ հետվճարը:

Դեռ երկու ամիս առաջ, սակայն, կենսաթոշակառուների մասին վարչապետ Փաշինյանը աղմկոտ հայտարարություն էր արել՝ պնդելով, թե նրանք չգիտեն՝ ինչպես արդյունավետ փող ծախսել։

«Թոշակառուների թոշակը ամսական 11 հազար դրամով կամ 10 հազար 400 դրամով ավելացնենք. ի՞նչ է անելու թոշակառուն։ Այդ գումարը ի՞նչ է անելու, ինչի՞ վրա է ծախսելու», – ասել էր վարչապետը:

Այսօրվա ուղերձում Նիկոլ Փաշինյանը նշեց՝ որոշումը կայացվում է հիմա, քանի որ 2025-ի տնտեսական աճը եղել է կանխատեսվածից ավելի բարձր, մեկ այլ պատճառ է այն, որ առողջության ապահովագրության համակարգի համար նախատեսված բյուջետային հատկացումները, հունվար-փետրվար ամիսների տվյալներով, իշխանության հաշվարկներով բավարար են դրա կարիքների համար: Մյուսը, նրա խոսքով, հարկերը վճարող քաղաքացիներն են:

ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ մանրամասնելով, թե ինչպես և որքանով կբարձրանան քաղաքացիներին տրվող կենսաթոշակներն ու հաշմանդամության նպաստները։

Ըստ նախարարի, բոլորին տրվող թոշակներն ավելանալու են 10 հազար դրամով։ Բարձրանալու են նաև զինվորական երկարամյա ծառայության կենսաթոշակները։

Բացի այս բարձրացումից, քաղաքացիներն իրենք էլ կարող են ևս մինչև 10 հազար դրամով բարձրացնել իրենց կենսաթոշակը՝ հետվճարի ծրագրով։