Բարձրանալու են նաև հաշմանդամություն ունեցող անձանց նպաստները։ Այդ մասին հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
Առաջին, երկրորդ և երրորդ խմբի հաշմանդամություն ունեցողների, ինչպես նաև միջին, ծանր և խորը ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձանց համար թոշակը կբարձրանա 10 000 դրամով։ 36 000, 37 500 և 39 000 դրամի փոխարեն դրանք դառնալու են 46 000 դրամ, 47 500 և 49 000 դրամ։
Թորոսյանը նաև ընդգծեց, որ պատրաստվում են բարձրացնել զինվորական երկարամյա ծառայության կենսաթոշակները։ Այստեղ բարձրացումները մի փոքր այլ կլինեն․ միջին բարձրացումը մոտ 8000 դրամ կլինի, բայց որոշ դեպքերում էլ կլինի 10 000 կամ 15 000 դրամ։ Որոշ դեպքերում մի փոքր ավելի ցածր կլինի այդ բարձրացումը։ Ըստ նախարարի՝ այս կենսաթոշակները բավականին բարձր են, միջինը մոտ 100 000 դրամ է։
«Բարձրանալու են նաև որոշ քաղաքացիների վճարվող կենսաթոշակները, որոնք համեմատաբար ցածր են։ Օրինակ՝ կերակրողին կորցնելու կենսաթոշակը։ Ապրիլի 1-ից բոլորն այդ տարբերակով են ստանալու, չհաշված հետվճարը 20 տոկոսի չափով»,- ասաց Թորոսյանը։