ՄՈԳ. միջին որակակա՞ն, թե՞ առավելագույն խոչընդոտ

  • 17:23 25.02.2026

Թևանյան Մարիամ՝ 74,5%, Գասպարյան Դիանա՝ 74,9%, Շահրամանյան Դավիթ՝ 74,8%, Սահակյան Սոֆիա՝ 74,7%, Սահակյան Ռոման՝ 74,5%…

Սա պարզապես անունների ու թվերի շարք չէ։ Սա 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված այն ուսանողների շարունակական ցանկի մի հատվածն է, որոնց ճակատագիրը որոշվել է ընդամենը մի քանի տասնորդականով։ Նրանք չեն հաղթահարել սահմանված 75% Միջին որակական գնահատականի (ՄՈԳ) շեմը և, հետևաբար, զրկվել են ուսման վարձից ազատվելու հնարավորությունից։

2023 թվականի սեպտեմբերից հետո տեղահանված ուսանողներին աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախաձեռնել է մի շարք ծրագրեր։ Մասնավորապես, 2023 թվականի հոկտեմբերի 12-ի N 1762-Լ և դեկտեմբերի 21-ի N 2291-Լ որոշումներով սահմանվեցին կարգավորումներ, որոնք միտված էին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված միջին մասնագիտական և բուհական կրթություն ստացող ուսանողների ինտեգրմանը Հայաստանի կրթական համակարգում։ Այս որոշումները կարևոր նշանակություն ունեցան՝ ապահովելով կրթության շարունակականությունը և մեղմելով ընտանիքների ֆինանսական բեռը։

Սակայն հետագա փոփոխությունները ստեղծեցին նոր դժվարություններ։ Եթե սկզբնական շրջանում սահմանված ՄՈԳ-ի շեմը 65% էր և հարաբերականորեն հաղթահարելի, ապա դրա բարձրացումը՝ մինչև 75%, դարձավ լուրջ խոչընդոտ բազմաթիվ տեղահանված ուսանողների համար։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շեմի բարձրացումը հիմնավորեց բարձր առաջադիմությունը խրախուսելու անհրաժեշտությամբ։ Ըստ պաշտոնական դիրքորոշման՝ այս մոտեցումը պետք է նպաստի ավելի մրցունակ մասնագետների ձևավորմանը։

Համաչափության և արդարության հարց

Այս ամենը ամբողջապես հիմնավոր կլիներ, եթե չլիներ մի հանգամանք՝ այն, որ տեղահանված ուսանողը տեղահանությունից դեռևս 2 տարի անց շարունակում է մնալ խոցելի խումբ և այն, որ ի սկզբանե տեղահանված ուսանողին տրված արտոնություններն ունեն սոցիալական աջակցության բաղադրիչ:

  • Արդյո՞ք ՄՈԳ-ի շեմի իջեցումը մինչև 65% իրականում կխոչընդոտի կրթության առաջադիմությանը։ Թեև առաջին հայացքից կարող է թվալ, որ ավելի ցածր շեմը կարող է բացասաբար ազդել կրթության որակի վրա, այնուամենայնիվ, 65% և 75% շեմերի միջև տարբերությունը չի կարելի գնահատել միայն կրթական չափանիշների տեսանկյունից։ Այս տարբերությունը հատկապես նշանակալի է այն ուսանողների համար, ովքեր հայտնվել են արտակարգ սոցիալական պայմաններում։ Հետևաբար, սա բավարար հիմք է վերանայելու գործող շեմը՝ հաշվի առնելով ոչ միայն ակադեմիական, այլև սոցիալական գործոնները։
  • ՄՈԳ-ի բարձր շեմը հակասում է սոցիալական աջակցության տրամաբանությանը: Տեղահանված ուսանողները շարունակում են բախվել բնակարանային անկայունության, ֆինանսական դժվարությունների և սոցիալական անորոշության հետ։ Այս պայմաններում պետական աջակցության նպատակը պետք է լինի նրանց խոցելիության հաղթահարումը և կրթության շարունակականության ապահովումը։ Երբ աջակցությունը պայմանավորվում է միայն բարձր ակադեմիական ցուցանիշով, այն աստիճանաբար կորցնում է իր սոցիալական նշանակությունը և դադարում է ծառայել իր հիմնական նպատակին։

Հնարավոր տարբերակներից է՝  50% ՄՈԳ-ի դեպքում՝ ուսման վարձավճարի 50% փոխհատուցում, 75% ՄՈԳ-ի դեպքում՝ ուսման վարձավճարի ամբողջական փոխհատուցում։

  • Խնդիրը նաև հավասարության և համաչափության մեջ է։ Տեղահանված ուսանողների և մյուս ուսանողների մեկնարկային պայմանները էապես տարբեր են։ Տեղահանված ուսանողները ոչ միայն կորցրել են իրենց բնակավայրը, այլ նաև դուրս են մնացել իրենց սովորական կրթական միջավայրից, հաճախ ունեցել են ուսումնառության ընդհատում և մինչ օրս կրում են տեղահանության հոգեբանական և սոցիալական հետևանքները։ Այս պայմաններում նրանցից նույն ակադեմիական արդյունքները պահանջելը՝ առանց լրացուցիչ աջակցության մեխանիզմների, փաստացի խորացնում է անհավասարությունը՝ փոխանակ այն մեղմելու։

ՄՈԳ-ից բացի՝ այլ համակարգային խնդիրներ

  • Տեղահանված ուսանողին արտոնյալ պայմաններ տրամադրող բուհերի ցանկը նախապես չհրապարակելը
  • Անհրաժեշտ է բուհերի ցանկի ընդլայնում՝ ներառելով այնպիսի առաջատար բուհեր, ինչպիսին են՝ Հայաստանի Ամերիկյան Համալսարանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանը, Ռուս-հայկական համալսարանը, Եվրասիա Միջազգային համալսարանը, Եվրոպական համալսարանը:
  • Սահմանամերձ գյուղերում ապրող ուսանողներին 30 տոկոս զեղչ է տրամադրվում, իսկ տեղահանված ուսանողի դեպքում, ով նույնպես սահմանամերձ գյուղում է ապրում՝ ոչ, քանի որ համարվում է, որ մշտական բնակիչ չէ, այլ միայն հաշվառված է:
  • Զոհվածի զինծառայողի երեխա համարվող ուսանողից ամեն ուսումնական տարվա սկզբին ՊԲ-ից փաստաթուղթ պահանջելը:
  • ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ միջև տվյալների համապատասխանեցման բացակայության պատճառով 2023-ի սեպտեմբերի 19-ի մարտական գործողություններին մասնակցած ուսանողների վարձի զեղչից զրկվելը:
  • Ուսման վարձավճարների ժամանակավոր չգանձման կամ վերադարձման մեխանիզմի բացակայություն
  • Ուսման վարձավճարի փոխհատուցման ծրագրի շահառուի կարգավիճակի պահպանման ապահովում բուհ կամ կրթական ծրագիր փոխելու դեպքում

Երբ թիվը որոշում է ապագան

 Տեղահանված ուսանողների կրթության ապահովումը միայն կրթական քաղաքականության հարց չէ։ Սա նաև սոցիալական արդարության, հավասար հնարավորությունների և ապագայի հարց է։

Հետևաբար, անհրաժեշտ է ոչ միայն վերանայել ՄՈԳ-ի շեմը, այլ նաև ձևավորել ավելի ճկուն և մարդակենտրոն քաղաքականություն՝ հիմնված տեղահանված ուսանողների իրական կարիքների վրա:

Հաշվի առնելով վերոնշյալ բուհերի կրթական որակը, միջազգային ճանաչվածությունը և առաջադեմ ուսումնական ծրագրերը՝ դրանց ընդգրկումը կնպաստի շահառու ուսանողների կրթական հնարավորությունների ընդլայնմանը։

Պետական կառույցների և ուսանողների միջև ուղիղ երկխոսությունը կարող է դառնալ այս խնդիրների լուծման առաջին քայլը։

Թամարա Հայրապետյան