1988-ի Սումգայիթի հայերի ցեղասպանությունն հայ ժողովրդի ցեղասպանության շղթայի մի մասն էր. Բեգլարյան

  • 15:16 28.02.2026

«Մենք պետք է բարձրաձայնենք ոչ միայն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի մասին, այլ նաեւ ադրբեջանահայության վերադարձի իրավունքի մասին։ Եվ իրենք պետք է որոշեն՝ վերադառնան, թե ոչ։ Ուղղակի դրա համար պետք է պայմաններ ապահովված լինեն»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Նա նշեց, որ ընդ որում, որեւէ կերպ հայելային համադրելի չէ Արցախի ժողովրդի վերադարձը Հայաստանից տեղափոխված ադրբեջանցիների վերադարձի հարցի հետ, որը շահարկում են ադրբեջանական իշխանությունները եւ որով մեզ փորձում են վախեցնել Հայաստանի գործող իշխանությունները։

Արտակ Բեգլարյանը նշեց՝ բոլորս պետք է ընկալենք, որ 1988-ի Սումգայիթի հայերի ցեղասպանությունն ընդհանրապես հայ ժողովրդի ցեղասպանության ընդհանուր մեծ շղթայի մի մասն էր, որի գաղափարախոսական հիմքը հայատյացությունն է Թուրքիայում եւ Ադրբեջանում եւ հայ ժողովրդի ու հայոց պետականության ոչնչացման իրենց գաղափարախոսությունը։ Դա շարունակվում է, դրա դրսեւորումները տեսնում ենք առ այսօր։

«Արցախի ամբողջ բնակչությունը տեղահանվել է նույն ցեղասպանական քաղաքականության պատճառով, ուղղակի ցավալին այն է, որ մենք անտեսում ենք այս իրականությունը եւ բավարար ազգային ու պետական դիմադրողականություն չենք ցուցաբերում, որպեսզի առաջին հերթին կանխենք հետագա նմանատիպ օրինակների կրկնությունը արդեն ՀՀ տարածքում։ Եվ երկրորդը, փորձենք արդարության միջոցով որոշ չափով վերացնել այս ցեղասպանական քաղաքականության հետեւանքները՝ այս պարագայում Արցախի ժողովրդի վերադարձը, մեր անվտանգ, ինքնորոշված կյանքը Արցախում եւ ադրբեջանահայության վերադարձը եւ պատշաճ կյանքի ապահովումը այնտեղ։ Սրա համար մենք ունենք մի քանի պայմաններ, առաջին հերթին արդարադատություն, երկրորդ՝ Ադրբեջանի տարածքում հայատյացության ոչնչացում։ Եվ, իհարկե, դրան հետամուտ լինելու համար մենք պետք է ունենանք ազգային պատասխանատվությամբ Հայաստանի Հանրապետություն եւ բարձր դիմադրողականությամբ հայ ժողովուրդ»,- նշեց Բեգլարյանը։