
1988 թվականին Սումգայիթում տեղի ունեցած ցեղասպանական գործողությունների հետեւանքով ոչ պաշտոնական թվերով մոտ 1500 հայ է սպանվել։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց «Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների համագումարի» համակարգող Մարիամ Ավագյանը։
Ծիծեռնակաբերդի բարձրունքում՝ Սումգայիթում 1988 թվականի փետրվարի 26-29-ին հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի մոտ այսօր տեղի ունեցավ զոհերի հիշատակի արարողություն։ Փետրվարի 28-ը նշվում է որպես ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի եւ բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր:
Մարիամ Ավագյանն ասաց, որ խորհրդային տարիներին հայության դեմ ցեղասպանությունն ընթացել է քողարկված։ «Իմ ընտանիքը 1971 թվականի նոյմբերի 16-ին փախել է Բանանցից, որովհետեւ հայրս աշխատանքից զրկվել էր, գիշերային հերթափոխի ժամանակ լսել էր, որ իրեն պետք է վերցնեն։ Իր աչքի առաջ սպանել էին հայ մարդու, հորս ասել էին՝ Ավո, լավ մարդ ես, բայց հայ ես։ Հետո իրեն էին սպառնացել, թողեց փախավ։ Այսինքն՝ սա անընդհատ է եղել, պարզապես 1988-ին դա բացահայտվեց, թուրքն էլ չհամբերեց, էլ ինչ սպասեր, ուզում էր միանգամից հայերին մաքրել այդտեղից, որովհետեւ ինքը քոչվոր է, եկել է մեր կենսատարածք եւ պետք է մնա»,- նշեց նա։
Մարիամ Ավագյանը մանրամասներ ներկայացրեց Սումգայիթից բռնագաղթած ամուսինների հետ զրույցից, նրանք պատմել են, որ մարտի 6-7-ի գիշերը իրենց ադրբեջանցի հարեւանը, որն իրենց պատսպարել է իր տանը եւ որը քաղաքայի իշխանության պաշտոնատար անձ էր, եկել ասել է՝ այս գիշեր ձեր ազգակիցներին տանում են թաղելու։ «Քանի որ իրենք մնում էին այդ մարդու տանը, պատուհանը նայում էր այն փողոցին, որտեղով պետք է տանեին։ Ամուսինները պատմում են, որ այդ գիշերը միայն Սումգայիթից մոտ 20 խորհրդային ռազմական բեռնատար մեքենա եւ 5 «Պազ» ավտոբուս տարել են հայերի մարմնի մասերը ու դիերը։ Պաշտոնյա այդ հարեւանն ասել է՝ «Պազ»-երով տանում են ամբողջական դիակները, իսկ բեռնատարներով՝ մարմնի մասերը։ Ես շատ եմ հետազոտել, երբ սկսում ես ի մի բերել, հասկանում ես, որ պատահական չէր, որ Բաքվից ջրցան մեքենաները բերում էին եւ Սումգայիթի արյունոտ ասֆալտը լվանում էին։ Ի՞նչ է, Սումգայիթն իր սեփական ջրցան մեքենաներով չէր կարո՞ղ այդ պրոցեսն իրականացնել։ Այսինքն՝ այնտեղ ահավոր բաներ են կատարվել։ Ես հաշվարկ եմ արել, վերցրել եմ բեռնատար մեքենայի թափքի ամենափոքր չափը, հայ մարդու ամենամեծ քաշը, եւ ոնց հաշվում եմ՝ 20 բեռնատար մեքենաներն ու 5 «Պազ»-եը առնվազն 1500 դիակ էի տանում»,- նշեց Մարիամ Ավագյանը։
Ըստ նրա՝ հայ բժշկուհիներից մեկը պատմել է, որ իր բուժքույրը Բաքվում հեկեկալով եկել ու ասել է, որ մորգում բեռնատար մեքենաներից բահերով մարմնի մասեր են թափում։ Այսինքն՝ հայերի դիերը միայն Սումգայիթում չեն պահել, նաեւ Բաքվում էին պահում։ «Եվ այն փաստը, որ մինչ օրս մենք թիվ չենք ճշտել, չենք ճշել, թե ինչ ընտանիքներ ենք մենք այնտեղ կորցրել, սա խոսում է այն մասին,որ հայությունը, նրա մտավորական շերտը, քաղաքական վերնախավը ամուլ են եւ շարունակում են մնալ ամուլ»,- նշեց նա։