
Սումգայիթից բռնագաղթած Ռուզաննա Թումասյանը՝ Սումագայիթում զոհված Ռաֆիկ Թումասյանի դուստրն այսօր լրագրողներին մանրամասնեց պատմեց 1988 թվականի ջարդերի մասին։ Նա նշեց՝ հայերի ջարդերն սկսվել էին 1988-ի փետրվարի 26-ից՝ որպես պատասխան Արցախի հայության արդար պահանջի։ Ադրբեջանի քաղաքական պատասխանը եղան ջարդերը, որը 100 տոկոսով կարելի է որակել որպես ցեղասպանություն, որովհետեւ լիովին համապատասխանում են ցեղասպանության բովանդակությանը եւ եզրույթին։
«Ես 10 տարեկան երեխա էի, օրը կիրակի էր, երբ սկսվեց մեր թաղի ջարդը։ Խաղում էի բակում, ունեի ադրբեջանցի ընկերուհիներ, ընկերուհիս մոտեցավ ու ասաց՝ հիմա մենք հայերին պետք է կոտորենք, եւ Թուրքիան մեզ կօգնի։ Եվ ասաց՝ ձեր հայերը Ղարաբաղ են պահանջում։ Ես բարձրացա տուն, անմիջապես հայտնեցի, որ իմ ընկերուհին այդպիսի բան ասաց, տանը ոչ ոք ոչ մի բառ չասաց, անհանգստություն չկար, որովհետեւ ոչ ոք չէր պատկերացնում։ Բայց հայրս տեղյակ էր, ինքը գիտեր, թե ինչ է կատարվում, բայց մեզ չէր ասում։
Տղամարդիկ սկսեցին պատրաստվել ինքնապաշտպանության։ Ես տեսա, թե ինչպես էին հայրս ու պապիկս հանում խոհարարական դանակները, հայրս ինչ-որ կացին էր հանում, եռման ջուր էին պատրաստում, որպեսզի պատրաստվեին ինքնապաշտպանության։
Օրը կիրակի էր, փետրվարի 28-ն էր, մեր ամբողջ բակը լցվեց ջարդարարներով, որոնք բոլորը սեւ էին հագած, կրում էին սեւ ժապավեններ ու գոչում էին՝ մահ հայերին։ Այդ պահին, երբ ջարդարարների խումբը շրջապատեց շենքը, հայրս երեխաներին տարավ ապահով տեղ, մենք լոգանսենյակում էինք, ասաց, որ փակենք դռները։ Մի պահ լսվեցին ձայներ, ադրբեջանցիները գոռալով բարձրացան վերեւ, զարկեցին մեր դռները, նրանք նախապես գիտեին, թե որտեղ էին հայերը բնակվում։ Երբ դուռը ծեծեցին, հայս ու պապս պատրաստ սպասում էին։
Հարց հնչեց՝ դուք ադրբեջանցի եք, թե՞ հայ։ Պապս ասաց՝ հայ ենք, եւ սկսեցին դռները ջարդել։ Այդ ընթացքում մեքն ոչինչ չենք տեսել, մենք ուղղակի լսում էինք, թե ինչ էր կատարվում։ Ես շատ հետաքրքրասեր էի, երբ բացեցի լոգասենյակի դուռը, տեսա, թե ինչպես հայրս կացինը օդի մեջ արդեն պատրաստվում էր հարվածել։ Ես չկարողացա նայել, փակեցի դուռը։ Իմ մայրիկն ու տատիկը գտնվում էին ադրեբջանցի հարեւանուհու տանը, որը թույլ չտվեց, որ նրանք դուրս գան։
Այդ ընթացքում հայրս եկավ, մեզ տեղափոխեց ննջասենյակ եւ պետք է իջնեին ներքեւ, միանային մեր հարեւաններին եւ դիմադրեին։ Չորս հոգով դիմադրել էին 8-9 ժամ։ Երբ հայրս վերջին անգամ մեզ արդեն տեղափոխում էր ննջասենյակ, ես հարցի՝ կվերադառնա՞ս, ասաց՝ այո։ Դա վերջին անգամ էր, երբ ես տեսա իմ հորը։ Ադրբեջանցիներին հաջողվել է շրջափակման մեջ վերցնել հորս, պապիկիս ու մեր երկու հարեւաններին։ Պապիկս պատմում էր, որ հայրս վիրավոր էր, բայց ինքը չէր կարողացել օգնել։ Հայրս զոհվեց, ինքը վերջինն էր, որին ադրբեջանցիները սպանեցին մեր մուտքում։ 10-15 րոպե հետո եկան զինվորները»,- պատմեց նա։
Ռուզաննա Թումասյանի խոսքով՝ այն, ինչ տեղի է ունեցել Սումագայիթում, նախապես ծրագրված էր ադրբեջանական իշխանությունների կողմից եւ Մոսկվայի կենտրոնական իշխանությունների թողտվության պայմաններում էր իրականացվում։ «Այսինքն՝ հայ ժողովրդի արցախյան պայքարը մարելու, Շարժումը կասեցնելու նպատակով թույլ տրվեց նման ոճրագործություն, բայց ոչ ոք չէր պատկերացնում, որ դա ավելի կսրեր Շարժման տրամադրությունը։ Այսօր հերքել պատմական ճշմարտությունը, նշանակում է լինել սեփական ազգային ինքնության թշնամին։ Եվ այն հայը, որը կհամարձակվի նման բան ասել, երեւի դրսի թշնամուց էլ ավելի թշնամի է»,- հավելեց նա։
Ռուզաննա Թումասյանը նշեց, որ ադրբեջանցիների վերաբերմունքը հայերի նկատմամբ այսօր էլ չի փոխվել, այսօր պաշտոնական Բաքուն շրջանառության մեջ է դրել թեզ եւ Հայաստանի Հանրապետությունը անվանում է այսպես կոչված «արեւմտյան Արդբեջան»։ Այդ պայմաններում ոչ մի խաղաղության մասին խոսք լինել չի կարող, նման «խաղաղությունը» ավելի վտանգավոր է, քան պատերազմը։