
«Մենք այստեղ հավաքվել ենք ոչ միայն Սումգայիթի ցեղասպանական ակտի զոհերի հիշատակը հարգելու համար։ Ադրբեջանում 327 բնակավայրերում ապրում էին հայեր՝ կամ միայն հայեր, կամ խառը ընտանիքներ»,- այսօր լրագրողներին ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ նշելով, որ մինչեւ հանցագործը չպատժվի, հանցագործությունը շարունակվելու է։
Ալավերդյանը հիշեցրեց, որ դեռեւս 2022 թվականին Լուսի Մորենո Օկամպոն ասել էր, որ այն, ինչ տեղի է ունենում Արցախում, ոչ թե ուղղակի հումանիտար աղետ է, դա ցեղասպանական գործողություն է, որովհետեւ միտումնավոր ստեղծվում է այնպիսի իրավիճակ, որը կբերի կամ մասնակի կամ բոլորի ոչնչացմանը։
«Ավելին, Օկամպոն զգուշացրեց՝ այդպիսի մեթոդից հետո վրա է հասնելու ավելի դաժան մեթոդ։ Ի՞նչ ունեցանք մենք արդյունքում, արձագանք եղա՞վ Հայաստանից, ոչ։ Եվ իրոք, մենք ստացանք այն, ինչ ակնկալվում էր։ Ադրբեջանը չունի որեւէ խոչընդոտ, որ նույն իր նկրտումները չհայտարարի Հայաստանի հանդեպ։ Ցույց տվեք ինձ որեւէ հիմնավոր իրավական ակտ, որով ինքը պետք է ոչնչացներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Ես ուզում եմ հստակեցնել՝ այո, մենք ոչ միայն մարդկանց մասին ենք խոսում, այլեւ կայացած, գոյություն ունեցած պետության մասին, որի հետ հաշվի էին նստում ՄԱԿ-ի ԱԽ երեք մշատական անդամ պետությունները՝ ԱՄՆ-ն, ՌԴ-ն, Ֆրանսիան։ Եվ մենք պահանջում ենք, որ արցախցիների վերադարձը լինի ապահովված հենց իրենց կարգավիճակով։ Ադրբեջանը մեկ է, սպասում է, իրեն պատժելու պահը գալու է։ Պատահական չէ, որ իրենք հնարված Խոջալու են բերել մեջտեղ։ Խոջալուն դա Ադրբեջանի հերթական ցեղասպանական գործողությունն է, դա ապացուցված է բոլոր ձեւերով։ Դա Խոջալու չէ, աղդամյան դեպքեր են․ այն, ինչի մասին իրենք խոսում են, տեղի է ունեցել այն տարածքներում, որոնք գտնվում էին Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո»,- ասաց նա։
Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ պետք է գա այն պահը, երբ Հայաստանը կունենա ազգային շահերով ապրող ղեկավարություն։ Եվ նրանցից պետք է պահանջել հասնել արդարության՝ թե միջազգային ատյաններում, թե ներպետական ատյաններում։ «Դատարանի առաջ կանգնելու են ոչ միայն նրանք, ովքեր իրականացրել են ցեղասպանություն, այլեւ նրանք, ովքեր լուռ կամ իրենց արտահայտություններով ու հայտարարություններով ուղղակի սպասարկում են հայի հանդեպ թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը»,- հայտարարեց Ալավերդյանը։