
«Հայաստանում խաղաղություն է, եւ խնդրում եմ այդ տրամաբանությամբ գնահատեք իրողությունը»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։ Դիտակմանը, որ տարածաշրջանում պատերազմ է, իսկ Հայաստանի պաշտպանության նախարարը ՔՊ-ի քարոզարշավն է իրականացնում, Արման Սարգսյանը պատասխանեց․ «Երեւի թե դուք ուշադիր չեք եղել՝ Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել, եւ, բնականաբար, պատկան մարմինները մտահոգությունները փարատելու համար աշխատում են։ Հայաստանի Հանրապետությունում խաղաղություն է, եւ ցանկանում եմ, որ մենք այս իրողությունը հաշվի առնելով՝ շարժվենք առաջ»։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն էլ լրագրողների հարցադրումներին ի պատասխան ասաց․ «Կներեք, իսկ ի՞նչ պետք է աներ կառավարությունը, որ թվար, որ բացարձակ անտարբեր չէ այն ամենի հետ կապված, ինչ կատարվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս: Ինչն է խանգարում քարոզարշավ անել, եթե այս պահին Անվտանգության խորհուրդը գնահատել է, որ մեր երկրի անվտանգությանը սպառնացող վտանգ չկա։ Ես ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ պետք է շեղվել ներքին օրակարգից եւ ի՞նչ պետք էր անել, որ ակնհայտ լիներ, որ կառավարությունը մտահոգված է, անհանգիստ է»։