Բանակում գրանցվող մահերն միանշանակ մեզ անհանգստացնում են․ փոխնախարար

  • 13:01 02.03.2026

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ բանակում գրանցվող մահերին։

«Միանշանակ, դա մեզ անհանգստացնում է եւ շատ շատ է անհագստացնում։ Յուրաքանչյուր հանցագործության դեպք եւ առավել եւս զինծառայողի մահվան դեպք ցավ է պատճառում եւ մտահոգությունների տեղիք է տալիս, նաեւ լրացուցիչ աշխատանքներ իրականացնելու մասին է խոսում։ Նկատի ունենալով, որ յուրաքանչյուր նման դեպքով կատարվում է քննություն, մենք կարծում ենք, որ լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվ քննության արդյունքում ծնող պատճառներ, նպաստող պայմաններ ի հայտ կբերվեն»,- ասաց նա։

Արման Սարգսյանը նշեց, որ բանակում մահերի թիվը չի ավելացել, հարցերին ի պատասխան ասաց, որ մեկ ամսում մի քանի մահվան դեպք չի գրանցվում, ինչպես լրագորողներն են նշում։ «Բայց նույնիսկ մեկ դեպքը մենք համարում ենք շատ ցավալի եւ պետք է ձեռնարկենք միջոցներ, որպեսզի իսպառ վերացնենք կամ առնվազն նվազեցնենք։ Երբ նախորդ անգամ  ի պատասխան մեր պատգամավոր գործընկերների հարցերի՝ ասացի, որ դրական տեղաշարժ ունենք, ես նկատի ունեի հանցագործությունների կամ մահվան դեպքերի դինամիկան։ Չի ավելացել, ավելին, նախորդ տարի մենք ամփոփել ենք նվազումով, թեեւ դա բացարձակապես մեզ հանգստանալու առիթ չի տալիս»,- նշեց նա։

Բանակում մահվան դեպքերից մեկով տեղեկություն կա, որ զինծառայողը ճնշումների է ենթարկվել, ինչի հետեւանքով սպանել է ծառայակցին։ Անդրադառնալով այս հարցին՝ փոխնախարարն ասաց․ «Դեպքի հետ կապված որեւէ հանգամանք չեմ կարող բարձրաձայնել, որովհետեւ քրեական վարույթ է նախաձեռնված, եւ վարույթի շրջանակներում նախաքննական մարմինը հստակ տեղեկատվություն կտա»։