
«Մարտին կհրապարակվի նոր Սահմանադրության տեքստը։ Ես միշտ ասել եմ՝ տեքստը կհրապարակվի մարտ ամսին, տեքստը գրեթե պատրաստ է, մենք պետք է նաեւ սկսենք խմբակցության մեր գործընկերների հետ։ Այնուհետեւ որոշում կկայացվի հրապարակել տեքստը, բայց պետք է նկատի ունենալ, որ տեքստը հրապարակվելու է այն ցանկությամբ, որ կարծիքներ ստացվեն տեքստի փոփոխության հետ կապված։ Այսինքն՝ մենք բաց ենք լինելու յուրաքանչյուր առաջարկի առաջ, տեքստը լինելու է խիստ նախնական, քննարկելի, որպեսզի մեր հանրությունը ծանոթանա եւ ներկայացնի իր կարծիքը»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Հարցին, թե որ դրույթները դեռ պատրաստ չեն, նախարարը պատասխանեց․ «Դեռ պատրաստ չէ նոր Սահմանադրության նախաբանը, առաջին գլուխը, իսկ երկրորդ եւ երրորդ գլուխները միավորվել են։ Պատրաստ չէ եւ դեռ չի քննարկվել Սահմանադրության մեջ փոփոխություններ անելու վերաբերյալ հոդվածը, կառավարության գլխի հետ կապված որոշակի դրույթներ դեռեւս չեն քննարկվել»։
Հարցին, թե Անկախության հռչակարգի հետ կապված ի՞նչ որոշում է կայացվել, Սրբուհի Գալյանը պատասխանեց․ «Դեռ չենք որոշել, ամեն դեպքում սա մի հարց է, որը շատ երկար քննարկել ենք»։ Հարցին՝ Անկախության հռչակագրի հղումը հանվելո՞ւ է Սահմանադրության նախաբանից, նախարարը պատասխանեց․ «Հիմա ես ձեզ չեմ պատասխանի, երբ որոշում կկայացվի, գնալ այդ ճանապարհով, կասենք։ Որոշումը խորհուրդն է ընդունում, խորհրդում այդ հարցը դեռ չի քննարկվել»։
Նա հավելեց՝ իր ղեկավարած նախարարությունը միշտ այն բանի կողմնակիցն է, որ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, խաղաղությունը, տարածքային ամբողջականությունը երբեւէ վտանգի չենթարկվեն։