
«Մենք պետք է ունենանք ռեզերվային պլանավորում։ Պատկերացրեք՝ վաղը 50 հազար, 100 հազար փախստական Իրանից գալիս են Հայաստան, այս իշխանությունները ծրագիր ու կարողություն ունե՞ն։ Որ արցախցիները եկան, պատրա՞ստ էին, թե՞ միջազգային օգնությունը չլիներ, չէր լինի։ Իրանում հայեր կան, տարհանման ծրագիր ունե՞ն այս իշխանությունները»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նա նշեց, որ Իրանում իրենց կուսակիցների հետ չեն կարողանում կապվել, ինտերնետ կապ չկա։
Արթուր Խաչատրյանը նշեց, որ ամեն դեպքում ՀՀ զինված ուժերը պետք է պատրաստության բարձր մակարդակի բերվեն։ Անդրադառնալով ՀՀ իշխանությունների հայտարարություններին, թե ինչո՞ւ են որոշ ուժեր փորձում Հայաստանը եւս ներքաշել պատերազմի մեջ, Արթուր Խաչատրյանը հարցադրում արեց․ «Այսինքն՝ երբ ասում ենք՝ Իրանում հայեր կան, որոնք օգնության կարիք կարող են ունենալ, նշանակում է՝ պատերա՞զմ ենք ուզում սկսել»։
Հարցին՝ եթե այս պատերազմը շարունակվի, ՀՀ համար ի՞նչ վտանգ ու սպառնալիք կա, պատգամավորը պատասխանեց․ «Եթե սահմանը երկար ժամանակ Իրանի հետ փակ լինի, մենք էական տնտեսական կորուստներ ենք ունենալու։ Իրանը մեր հիմնական առեւտրային ուղիներից մեկն է։ Առնվազն պետք է իմանաս՝ եթե վաղը ճանապարհը փակվեց, ի՞նչ ես անելու։ Դրան գումարվում է օդային փոխադրումների խաթարումը՝ Հարավից եւ Արեւելքից։ Մյուսը վտանգը, կրկնում եմ, եթե ունենանք փախստականների ներհոսք, այդ մարդկանց պետք է կարողանալ կառավարել։ Պատերազմ է, չգիտես՝ ինչ կարող է լինել»։
Նա ասաց, որ նախորդ փորձերը ցույց են տալիս՝ իշխանություններն այս սցենարներին պատրաստ չեն․ «Այս իշխանության գործունակության վերաբերյալ շատ մեծ կասկածներ ունեմ, հիմա իրենք կուկուռուզ ու պեռաշկի են ուտում՝ ցույց տալու համար, որ ամեն ինչ լավ է, բայց ես չեմ կարծում»։