
«Այս ագրեսիան ու պատերազմը, որը մեզ պարտադրվել է, սրա նկատմամբ քննադատող ու վճռական վերաբերմունք պետք է հայտնի միջազգային հանրությունը։ Նրանք պետք է կանգնեն ագրեսիայի ենթարկվածի ու զոհի կողքին։ Մենք կարող ենք ինքներս կազմակերպել մեր ինքնապաշտպանությունը, կարիք չունենք, որ որեւէ մեկը գա ու պատերազմի մեզ համար։ Սակայն մեր գործընկերների համագործակցությունը եւ աջակցությունն այս հարցում մեզ համար կարեւոր է»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։
Նա նշեց․ «Այս ապատերազմն Իրանի լինել-չլինելու մասին է։ Եվ այն բոլոր ուժերը, որոնք աջակցում եւ որեւէ կերպ համագործացկում են Իրանի դեմ ագրեսիա իրականացրած պետության հետ, այդ ուժերի հետ դիմադրության հարցում մենք կարմիր գիծ չունենք»։
Դեսպանի խոսքով՝ Իրանում իշխանության վակուում չի ձեւավորվել, եւ Իրանի Իսլամական պետության պահապանների խորհուրդը շարունակում է այս անցումային ժամանակավոր շրջանում երկրի կառավարումը։
Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ դեսպանն ասաց, որ այն դիվերսիֆիկացիայի է ենթարկվում, սա ՀՀ անկախ եւ ինքնիշխան որոշումն է, որն Իրանը հարգում է։ «Կարծում եմ՝ հայ-իրանական համագործակցության եւ հարաբերությունների խորքը մեզ պարտավորեցնում է անկախ այն բանից, թե ինչ արտաքին քաղաքականություն է վարում Հայաստանի Հանրապետությունը, մեր համագործակցությունը եւ փոխգործակցությունը շարունակվի։ Մենք վստահ ենք, որ այս տարածաշրջանում թե ռազմական, թե տնտեսական, թե ինքնության տեսակետից ուժեղ Հայաստանի գոյությունն օգնում է ապահովել նաեւ Իրանի ազգային երազանքները եւ ձգտումները։ Եվ մենք հույս ունենք, որ այն համագործակցային շրջանակները, որոնք ունենք Հայաստանի հետ, այս պատերազմի հետեւանքով որեւէ վնաս չեն կրի»,- հավելեց նա։
Խալիլ Շիրղոլամին հավելեց․ «Բարեկամ եւ հարեւան Հայաստանի անվտանգությունը մեզ համար կարեւոր է, եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը մեզ համար կարմիր գիծ է»։
Հենց այսօր Կապանում Իրանի գլխավոր հիպատոսը, ով գտնվում էր սահմանին, մեզ հավաստիացրեց, որ բեռնատարների, ինչպես նաև ապրանքների շարժը բնականոն կերպով տեղի է ունենում։ Իրանի ընկերությունները նաև ներգրավված են Հայաստանի կարևոր ենթակառուցվածքային մի շարք պրոյեկտներում, և մենք հուսով ենք, որ այս պատերազմի հետևանքով այն համագործակցային շրջանակները, որոնք մենք ունենք Հայաստանի հետ, որևէ վնաս չկրեն»,– ընդգծեռց դեսպանը։
Մենք իրապես չգիտենք, թե այս ագրեսիան ինչքան կտևի, սակայն Իրանը և Իրանի ժողովուրդը պատրաստ են իրացնել իրենց օրինական պաշտպանության իրավունքը, որը նրանց տրվել է ՄԱԿ-ի 51-րդ կոնվենցիայի շրջանակներում։ Այն երևակայական տեսլականը, որը ստեղծվել էր սոցիալական ցանցերում այն մասին, որ եթե Ամերիկան և Իսրայելը հարձակվեն Իրանի վրա, ապա Իրանի ժողովուրդը կընդվզի իր իշխանության և կառավարության դեմ և կտապալի իշխանությունը, իրապես պարզվեց, որ միայն ցնորք էին և միֆ։ Այսօր Թրամփը քնից զարթնեց և հասկացավ, որ դրանք իրականում ոչ այլ ինչ էին, քան միֆ։
Իրանը 7000 տարվա քաղաքակրթություն ունեցող պետություն է և այս ամբողջ պատմության ընթացքում բազմիցս ենթարկվել է օտարների հարձակմանը, սակայն մշտապես ապացուցել է, որ նմանօրինակ ցանկացած հարձակման պարագայում իր արյան և իր կյանքի գնով պատրաստ է մինչև վերջ պաշտպանել իր հայրենիքը։ Վերջին ագրեսիայի պարագայում ևս մենք տեսնում ենք, որ այս գաղափարը լիովին գործում է»,– հայտարարեց դեսպանը։