Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման պետական աջակցության ծրագրի շրջանակում բիզնես դասընթացներ կազմակերպելու և բիզնես ուղեկցում իրականացնելու առնվազն 3 տարվա փորձառություն ունեցող կազմակերպությունները կարող են դիմել և կնքել հրապարակային օֆերտայի պայմանագրեր։
Ծրագրի շրջանակում բիզնես ուսուցման և ուղեկցման աշխատանքների կազմակերպման համար կազմակերպությանը վճարվում է՝
• յուրաքանչյուր շահառուի բիզնես ուսուցման համար՝ առավելագույնը 300,000 դրամ,
• յուրաքանչյուր շահառուի 12 ամիս (ամսական միջինում 10 ժամի համար) բիզնես ուղեկցման համար՝ ամսական 60,000 դրամ։
Այս հայտարարությունը այսօր հայտնվեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում։
Թվում է, թե կառավարությունը հոգ է տանում արցախցիների բարեկեցության մասին՝ խթանելով նրանց ինքնազբաղվածությունը։ Սակայն միջոցները չգիտես ինչու ուղղվում են ոչ թե սեփական բիզնեսը զարգացնել ցանկացող արցախցիներին, այլ այն կազմակերպություններին, որոնք ունեն առնվազն երեք տարվա բիզնես խորհրդատվության փորձ, այսինքն՝ նրանց, ովքեր գործել են Հայաստանում մինչև 2023 թվականը։
Սա, ըստ էության, կառավարության կողմից արցախցիներին աշխատանքով ապահովելու շատ թանկ ծրագրի երկրորդ փուլն է։ Առաջին փուլի շրջանակներում միջոցները ևս փոխանցվել են Հայաստանում գործող կազմակերպություններին (որոնց ցանկը երբեք չի հրապարակվել), որոնք պետք է ծրագրի շրջանակներում աշխատանքի տեղավորեին արցախցիներին։ Թե քանի արցախցի է աշխատանքի տեղավորվել այս ծրագրով և որքան ժամանակ են նրանք աշխատել, մեծ գաղտնիք է։
Այժմ սկսվում է ծրագրի երկրորդ փուլը, և միջոցները կրկին կհոսեն անհայտ ուղղությամբ՝ արցախցիներին թողնելով դատարկ գրպանով։
Սխեման նույնն է, ինչ վարձավճարի փոխհատուցման դեպքում. կառավարությունը բյուջետային և դոնորական միջոցներն ուղղում է ոչ թե արցախցիների համար բնակարանների կառուցմանը կամ ձեռքբերմանը, այլ վարձավճարի փոխհատուցմանը, որը արցախցիներին փոխանցվելուց անմիջապես հետո հայտնվում է Հայաստանում վարձով տրվող բնակարանների տերերի գրպանում։
Ննան օգնությունը արցախցիներին չի նպաստում նրանց կայացմանն ու ինտեգրմանը (ինչի երաշխիքն են մշտական բնակարանը և աշխատանքը), այլ ավելացնում են արցախցիների կախվածությունը հայաստանյան տանտերերից և այն ընկերություններից, որոնք հաճախ կապված են կառավարության հետ և մի քանի ամսով ընդունում են արցախցիներին պրակտիկայի՝ ստանալով զգալի վճարումներ կառավարությունից։
Արցախցիները հաճախ չեն կարողանում ստանալ նույնիսկ վարկեր ԵՄ-ի և այլ դոնորների կողմից ֆինանսավորվող ծրագրերով, որոնք արցախցի փախստականներին “առաջարկում են” ցածր տոկոսադրույքով վարկեր և քեշբեք: Բանկերը մասնավոր կերպով դիմող արցախցիներին ասում են, որ պատրաստ չեն արտոնյալ վարկեր տրամադրել «անտուն» արցախցիներին, և որ շատ ավելի հուսալի է վարկ տրամադրել ոչ արցախյան խոշոր ընկերությանը, որը կվարձի մի քանի ղարաբաղցիների:
Երբ արցախցիներն ասում են, որ զրկված են որևէ օգնությունից, դոնորները հակադարձում են. «Մենք կառավարությանը զգալի միջոցներ ենք տրամադրում արցախցիներին աջակցելու, և նրանք լավ զեկույցներ են տրամադրում»: Սակայն դոնորները, որպես կանոն, չեն խորանում մանրամասների մեջ:
Իսկ նրանք, ովքեր խորանում են, սկսում են անմիջապես աշխատել արցախյան կազմակերպությունների կամ անհատների հետ՝ առաջարկելով կոնկրետ բիզնես աջակցություն կամ սոցիալական բնակարանաշինություն: Այս ծրագրերի ազդեցությունը շատ ավելի մեծ է, և դա միայն մեծացնում է դոնորների նկատմամբ հարգանքը: