Գեներալներ Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից որպես գույքային վնաս 4 մլրդ 370 մլն 985,000 դրամի բռնագանձման գործը ՀՀ հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը կարճել է։ Տեղեկությունը հայտնում է
«Փաստինֆոն»։
Այսպիսով, ըստ լրատվամիջոցի` դատարանը՝ դատավոր Լիլի Դրմեյանի նախագահությամբ, բավարարել է պատասխանող կողմի միջնորդությունը՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին։ Այս հայցադիմումով շուրջ 4,5 մլրդ դրամի չափով արգելանք էր դրվել Հակոբյանի և Հարությունյանի գույքերի վրա։
Կայքը հիշեցրել է, որ ՀՀ դատախազությունը ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ–գնդապետ Մովսես Հակոբյանից ու ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու վարչության նախկին պետ, գեներալ–մայոր Արմեն Հարությունյանից պահանջում էր շուրջ 4,5 մլրդ դրամ բռնագանձել՝ որպես պետությանը պատճառված վնասի փոխհատուցում։ Հայցադիմումը ՀՀ Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան մուտքագրվել է 2025 թ. մարտի 17–ին և նույն օրը մակագրվել դատավոր Լիլի Դրմեյանին։