Թաթոյան․ Բաքուն նոր ներխուժումներ է իրականացրել ՀՀ տարածք

  • 15:03 04.03.2026

«Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանն այսօր հրավիրած ասուլիսում փաստեր ներկայացրեց, որ ադրբեջանական զինված ուժեր նոր ներխուժումներ են իրականացրել ՀՀ տարածք։

Ըստ Թաթոյանի՝ նոր ներխուժումները տեղի են ունեցել 2025 թվականի հուլիսի 31-ից հետո մինչեւ օգոստոսի 19-ն ընկած ժամանակահատվածում, իսկ Հայաստանի իշխանությունները հանրությունից թաքցնում են այս փաստերը։

Մասնավորապես, Թաթոյանը արբանյակային լուսանկարների միջոցով ցուցադրեց, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի մոտ ադրբեջանական նոր դիրք է տեղակայվել։ Մինչեւ 2025 թվականի հուլիսի 31-ն այս դիրքը գոյություն չի ունեցել, ըստ արբայնակային լուսանկարների՝ այս դիրքի տեղակայում տեղի է ունեցել մինչեւ օգոստոսի 19-ը։  Թաթոյանն ասաց, որ տեսանելի է՝ սա մարտական հերթապահություն իրականացնող ադրբեջանական դիրք է։

Դրան զուգահեռ Գեղարքունիքում ադրբեջանցիները նաեւ ճանապարհներ են կառուցել, բարելավել են իրենց կոմունիկացիաները, ՀՀ դիրքերին շատ մոտ թաքստոցներ են կառուցվել, որոնք կարող են օգտագործվել նաեւ հարձակվողական նպատակներով։

Ըստ Թաթոյանի՝ ադրբեջանական զինված ուժերն ուղիղ վերահսկողության տակ են պահում ՀՀ բնակավայրերը։ Սրանք ուղիղ վերահսկողությա տակ են պահում մեր գյուղերը։ Նորից մինչեւ 2025-ի հուլիսի 31-ը սրանք գոյություն չեն ունեցել»,- նշեց նա։

Վայոց ձորի մարզում, մասնավորապես, Ջերմուկի հատվածում եւս ներխուժման ու ամրաշինական աշխատանքների փաստեր են արձանագրվել։ Ջերմուկի հարեւանությամբ արդբեջանցիները նոր տարածքներ են ներխուժել, ականանետային դասակների համար նախատեսված դիրքեր են կառուցել։

«Ակնհայտ է, որ այստեղ կարմիր թելով գնում է Արցախի սցենարը։ Արցախում նույն բանն էին անում ադրբեջանական զինված ուժերն ու Ադրբեջանի իշխանությունները 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, 2021 թվականից սկսած։ Նրանք ռազմավարական առումով բարելավում էին իրենց կոմունիկացիաները՝ ճանապարհներ, դիրքերի բարելավումներ՝ անընդհատ ահաբեկելով մարդկանց եւ նախապատրաստվելով գործողությունների։

Ադրբեջանը շարունակում է ներխուժել ու կտրատել մեր երկրի տարածքները։ Սա այն գինն է, որն այս իշխանությունը այսպես կոչված խաղաղության համար հռչակել է։ Գնում են հանդիպումների, Ադրբեջանի իշխանությունների հետ պայմանավորված քննարկումների, եւ ի՞նչ է տեղի ունենում՝ գաղտնի, մեր ժողովրդի թիկունքում այսպիսի ներխուժումներ ու դիրքային բարելավումներ են տեղի ունենում»,- նշեց Թաթոյանը։