
ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Մարտական գործողությունների հետևանքով առաջացած պայմաններում և հանգամանքներում անհետ կորած անձանց մասին» նոր օրենքի նախագիծը։
Փոփոխությունների համաձայն՝ Հայաստանում անհետ կորած անձ կհամարվի զինծառայող կամ զինվորական ծառայություն չանցնող անձ, այդ թվում՝ կամավոր, որը անհետ կորել է մարտական գործողությունների հետևանքով առաջացած պայմաններում, կամ հրադադարի ընթացքում, կամ մարտական գործողություններից հետո խաղաղ ժամանակ։
Օրենքը նաև սահմանում է, որ ընտանիքի անդամի երկարատև հիվանդության կամ մահվան դեպքում պետությունը կարող է նրան տարեկան մեկ անգամ տրամադրել միանվագ ֆինանսական օգնություն։ Եթե անհետ կորած անձի ընտանիքը անօթևան է կամ ապրում է չորրորդ դասի վթարային շենքում, պետությունը կարող է նրան տրամադրել բնակարան կամ ֆինանսական միջոցներ՝ բնակարան գնելու համար։
Անհետ կորած անձանց ընտանիքների անդամները կօգտվեն մի շարք հարկային, կրթական և այլ արտոնություններից, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական աջակցությունից։
Ստեփանակերտի մոտ գտնվող բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորածների ընտանիքները կստանան նույն աջակցությունը, ինչ պատերազմի ընթացքում անհետ կորածները։
Sputnik-ի տվյալներով՝ 1988-ից 2005 թվականներին հայկական կողմից անհետ կորել է 437 մարդ, այդ թվում՝ 224 զինծառայող և 213 քաղաքացիական անձ։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորած է համարվում ընդհանուր առմամբ 191 մարդ։ Իսկ Ստեփանակերտի նավթամբարում 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիայից անմիջապես հետո տեղի ունեցած պայթյունից հետո 22 մարդ դեռևս անհետ կորած է համարվում։