
Իրանը հարգում է Թուրքիայի ինքնիշխանությունը և հերքում է նրա տարածքի ուղղությամբ որևէ հրթիռ արձակելու փաստը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իրանական զինվորականների կողմից պետական լրատվամիջոցներում հրապարակված հայտարարությանը։
Նախորդ օրը Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Սիրիայի և Իրաքի վրայով թռչելուց հետո Թուրքիայի օդային տարածք ուղղվող բալիստիկ հրթիռը խափանվել է ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության համակարգերի կողմից՝ արևելյան Միջերկրական ծովի վրա։
Միևնույն ժամանակ, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Մարկո Ռուբիոյի հետ։
«Պետքարտուղարը Թուրքիայի արտաքին գործերի նախարարին ասել է, որ Թուրքիայի ինքնիշխան տարածքի վրա հարձակումները անընդունելի են և խոստացել է Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունը։ Երկու առաջնորդներն էլ վերահաստատել են իրենց երկկողմ հարաբերությունների շարունակական ամրությունը», – հայտարարության մեջ ասել է Պետդեպարտամենտի մամուլի խոսնակի տեղակալ Թոմի Պիգոթը։
Երկրի ներսում հրթիռային բեկորների ընկնելուց հետո, Թուրքիայի նախագահի աշխատակազմը հայտարարեց իր պատրաստակամության մասին՝ Իրանի շուրջ լարվածության սրման պայմաններում հակազդելու հանրապետության վրա ցանկացած հարձակման և անհրաժեշտ խորհրդակցություններ անցկացնելու ՆԱՏՕ-ի հետ։
ԱՄՆ-ի աջակցությունը Թուրքիային, կարծես, հակամարտություն է հրահրում այդ երկրի և Իրանի միջև։ Վերլուծաբանները ընդունում են, որ Իրանին հաղթելը առանց Թուրքիայի օգնության անհնար է։ Ավելին, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և նրա վրա հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն կկիրառի իր կանոնադրության 5-րդ հոդվածը։
Թուրքիան մինչ այժմ պահպանել է սպասողական մոտեցում՝ փորձելով որոշել, թե պատերազմի կշեռքի նժարը որ ուղղությամբ է թեքվում։ Սակայն պարզ է, որ գոյատևումը միայն կամրապնդի Իրանի տարածաշրջանային դերը, այդ իսկ պատճառով Թուրքիայի համար շահավետ չի լինի «փրկել» Իրանը։
Միևնույն ժամանակ, Էրդողանը վաճառում է իր չեզոքությունը Եվրոպային՝ «խոստանալով» կանխել փախստականների նոր ալիքի մուտքը։ Եւ դա ևս ԱՄՆ շահերից է ելնում։
Ներքին գործերի և միգրացիայի հարցերով եվրահանձնակատար Մագնուս Բրունները պնդում է, որ թուրքական իշխանությունները փակել են Իրանի հետ սահմանը՝ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով: Ավելի վաղ Politico-ն՝ հղում անելով ԵՄ պաշտոնյայի, հայտնել էր, որ ԵՄ իշխանությունները վախենում են Մերձավոր Արևելքում ստեղծված հակամարտության պատճառով նոր միգրացիոն ճգնաժամից։
Ֆիդանը նախկինում հայտնել էր, որ Թուրքիան պատրաստել է արտակարգ իրավիճակների պլաններ Իրանից հնարավոր միգրացիայի ալիքի համար՝ տարածաշրջանում լարվածության սրման պայմաններում: Միևնույն ժամանակ, Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչին չորեքշաբթի օրը հայտարարել էր, որ իրանա-թուրքական սահմանին իրավիճակը կայուն է մնում, և անհանգստության պատճառ չկա: Նրա խոսքով՝ Իրանը թույլ չի տալիս իր քաղաքացիներին մեկնել Թուրքիա, սակայն երրորդ երկրների քաղաքացիները կարող են հատել սահմանը, իսկ թուրքերին նույնպես թույլատրվում է մուտք գործել Իրան: